
Արմինֆո.Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Դա կարևոր կլինի ոչ միայն այս երկու երկրների համար, այլև կնպաստի կայունությանը ողջ տարածաշրջանում։ Այդ մասին մայիսի 3-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վենդաթ Պատելը՝ անդրադառնալով Թուրքիայի կողմից հայկական ինքնաթիռների համար իր օդային տարածքի փակմանը։
"Մենք հիասթափությամբ ենք նշում Թուրքիայի հայտարարությունն այն մասին, որ նա կասեցնելու է հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունների գործողությունը։ Այդ երկու երկրների միջև ավիահաղորդակցության վերականգնման մասին ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունը դարձել է վստահության ամրապնդման շատ կարևոր միջոց ոչ միայն այդ երկու երկրների միջև, այլև, ընդհանուր առմամբ, տարածաշրջանային կայունության համար: Եվ մենք անկեղծորեն հույս ունենք, որ Թուրքիան և Հայաստանը կկարողանան շարունակել վերականգնել տնտեսական կապերը և բացել տրանսպորտային կապերը", - նշել է նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Թուրքիան առանց նախազգուշացման փակել է իր օդային տարածքը հայկական Flyone Armenia ավիաընկերության դեպի Եվրոպա չվերթների համար, և ավիաընկերության Փարիզ-Երևան չվերթի ինքնննաթիռն ստիպված վայրէջք է կատարել Քիշնևում և միայն ապրիլի 30-ի գիշերը կարողացել է վերադառնալ "Զվարթնոց" օդանավակայան: Իսկ արդեն մայիսի 2-ին Թուրքիայի ավիացիոն իշխանությունները FLYONE ARMENIA ավիաընկերությանը Թուրքիայի օդային տարածքով տարանցման (overflight) հնարավորություն չեն տվել։ Այդ պատճառով ընկերությունն ստիպված է եղել չեղարկել Երևան-Փարիզ-Երևան չվերթը։
Այդ առնչությամբ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան փակել է երկինքը Հայաստանի ինքնաթիռների համար "ի պատասխան Երևանում տեղի ունեցած սադրանքի"՝ ապրիլի 25-ին "Նեմեսիս" գործողության մասնակիցների հուշարձանի բացման։