


Արմինֆո.Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է Հայաստանում Եվրամիության առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին՝ քննարկելու իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Այդ մասին հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը:
«Միացյալ Նահանգներն աջակցում է Եվրամիության առաքելությանը Հայաստանում», - ասվում է դեսպանության հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ս.թ. հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը համաձայնել էր Հայաստանում ձևավորել Եվրոպական միության նոր քաղաքացիական առաքելություն (EUMA) ՝ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության (CSDP) շրջանակներում: Ինչպես ասվում է ԵՄ հաղորդագրության մեջ, առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, ամրապնդել վստահությունը տեղերում և ապահովել պայմաններ, որոնք նպաստում են ԵՄ - ի կողմից աջակցվող Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին: Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության կազմում ընդգրկված է մինչև 100 մասնագետ։ Առաքելության աշխատանքի առաջին չորս ամիսների համար հատկացվել է ավելի քան 8 մլն եվրո ։ EUMA-ի նախնական մանդատը գործելու է երկու տարի: Փետրվարի 20-ին տեղակայված ԵՄ մոնիթորինգի քաղաքացիական առաքելության կազմում ընդգրկվել են 8 ֆրանսիացի ժանդարմ եւ 15 ոստիկան Գերմանիայից։ Առաքելության կենտրոնակայանը գտնվում է Եղեգնաձորում։



