
Արմինֆո. Պաշտոնական Վաշինգտոնի գնահատմամբ՝ Լաչինի միջանցքի արգելափակումը խոչընդոտում է խաղաղության գործընթացին և խաթարում է միջազգային վստահությունը: «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ Միացյալ Նահանգները շարունակում է «մտահոգված մնալ Լաչինի միջանցքի հասանելիության խաթարման և ստեղծված իրավիճակի հումանիտար հետևանքների առնչությամբ»։
«Մենք կոչ ենք անում լիարժեք վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով։ Բոլոր հարցերում առաջընթացի միակ ճանապարհը բանակցություններն են»,- հայտնել են դեսպանատնից։
Հարցին, թե՝ արդյոք ԱՄՆ -ն որևէ քայլ ձեռնարկում է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի ուղղությամբ, եւ արդյոք հնարավոր է հումանիտար օգնության տրամադրում Արցախին, դեսպանատանից պատասխանել են. «ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն արձագանքում է Հայաստանում գտնվող տեղահանված անձանց կարիքներին՝ ՀՀ կառավարության պահանջներին համահունչ»։
Հավելենք, որ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերն օրերս հայտարարել է, թե Միացյալ Նահանգները մտահոգված է մնում, որ Լաչինի միջանցքն արգելափակված է արդեն երեք շաբաթից ավելի` ստեղծելով ծանր հումանիտար իրավիճակ: «Մենք շնորհակալություն ենք հայտնում Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությանը այս ընթացքում կրիտիկական օգնություն ցուցաբերելու համար, սակայն կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին անմիջապես վերականգնել մուտքը [միջանցք]», - Թվիթերում գրել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը:
Քարփենթերի այս գրառումը ոչ համարժեք արձագանք է հարուցել Ադրբեջանում։ Պաշտոնական Բաքուն հանդես է եկել ամերիկացի դիվանագետի հասցեին զայրացած և ոչ ադեկվատ հայտարարությամբ։
Հարկ է նաև հավելել, որ անցած շաբաթվա վերջին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կառավարիչ Սամանթա Փաուերի մմիջեւ: Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն ԱՄՆ ՄԶԳ կառավարչին է ներկայացրել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ահագնացող հումանիտար իրավիճակը: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի գործողություններն ուղղված են 120 հազար արցախահայությանն էթնիկ զտմանը ենթարկելուն:
Ընդգծելով, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները` ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է միջազգային հանրության հստակ քայլերը` ուղղված Լաչինի միջանցքի բնականոն աշխատանքի վերականգնմանը և հումանիտար աղետի կանխարգելմանը: