
Ստեփանակերտի համար անընդունելի են ղարաբաղյան բանտում
պատիժ կրող ադրբեջանցի դիվերսանտներին ազատ արձակելու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ
Վիկտորիա Նուլանդի կոչերը: ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի ասելով,
Արցախի Հանրապետության ղեկավարությունը բազմիցս նշել է, որ Շահբազ Գուլիևը և
Դիլհամ Ասկերովը, ինչպես նաև դիվերսիոն խմբի սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը
ահաբեկչական գործողություններ են իրականացրել ԼՂՀ տարածքում: Հետագայում նրանց
նկատմամբ իրականացվել է թափանցիկ դատավարություն, որին ներկա են եղել թե ԶԼՄ-ների,
թե հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Դատավարության ընթացքում նրանց մեղքն ապացուցվել է,
նրանք ընդունել են իրենց մեղքը, այդ պատճառով էլ նամակով դիմել են ԼՂՀ նախագահ
Բակո Սահակյանին` պատժաչափը մեղմելու համար: Ստեփանակերտն արդեն բարի կամք է
դրսևորել և «մարդասիրական ժեստ» կատարել` դիվերսանտների նկատմամբ իրականացնելով ոչ
թե հաշվեհարդար, այլ բաց ու թափանցիկ դատավարություն` ինչպես ցանկացած նորմալ
երկրում», - հայտարարել է Բաբայանը:
Այդ համատեքստում Բաբայանը տարօրինակ է համարում
Նուլանդի կոչերը, որը դիվերսանտներին համարելով հանցագործներ, միաժամանակ կոչ է
անում «մարդասիրական ժեստ» կատարել և ազատ արձակել նրանց: «Հետաքրքիր է, ինչպիսի՟ն
կլիներ Վաշինգտոնի արձագանքը, եթե ինչ-որ կազմակերպություններ խնդրեին բանտից
ազատել բոստոնյան ահաբեկիչներին: Հասկանալի է, որ նման կարգի հանցագործները չեն
կարող ազատ արձակվել այդպիսի «մարդասիրական» ձևով, հատկապես, եթե խոսքը վերաբերում
է մի երկրի, որը ծնում է տարբեր սաֆարովներ, որոնք սպանում են քհած հայ սպաների»,
- ընդգծել է ԼՂՀ ղեկավարի մամուլի քարտուղարը:
Նա կարծում է, որ դիվերսանտների հարցը ԱՄՆ խնդիրը չէ,
Վաշինգտոնը, պարզապես, կուլ է տվել Բաքվի խայծը, որը փորձում է Հայաստանի վրա
բարդելլ իր գործողությունների համար պատասխանատվությունը:
Հիշեցնենք,
որ Ստեփանակերտի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Ասկերովը և Գուլիևը
դատապարտվել են, համապատասխանաբար, ցմահ և 20 տարվա ազատազրկման` սահմանի ապօրինի հատման, դիվերսիոն
գործողություններ իրականացնելու և դաժան սպանության համար: