


Արմինֆո.Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հետ:
Ինչպես հաղորդում Է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը, մտքեր են փոխանակվել հայկական եւ թուրքական կողմերի միջեւ մոսկովյան պայմանավորվածությունների (ս. թ. հունվարի 14) իրականացման, ինչպես նաեւ ս. թ. փետրվարի 24-ին Վիեննայում երկու հատուկ ներկայացուցիչների հերթական շփման կապակցությամբ հետագա քայլերի վերաբերյալ: Ռուսական կողմից հաստատվել է Երևանի և Անկարայի միջև շփման կետերի որոնմանը հետագայում ևս աջակցելու պատրաստակամությունը՝ ի շահ տարածաշրջանում կայունության և կայուն զարգացման:
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերով հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի եւ դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը: "Դրական եւ կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչները նախնական կարծիքներ են փոխանակել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները առանց նախապայմանների՝ լիարժեք կարգավորման նպատակով", - ասվում էր հանդիպման արդյունքների վերաբերյալ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների հայտարարություններում։
Կարգավորման գործընթացի մեկնարկի մասին 2021թ. դեկտեմբերի 13-ին հաղորդել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ընդ որում, նա ընդգծել է, որ Անկարան կգործի Ադրբեջանի հետ համակարգմամբ՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլերի վերաբերյալ:



