


Արմինֆո. Ադրբեջանը շարունակում է ճնշում գործադրել միջազգային գործընկերների նկատմամբ Լեռնային Ղարաբաղ այցելությունների պատճառով։ Այս անգամ բողոքի համար առիթ են դարձել իրանական բեռնատար ավտոմեքենաների ուղեւորությունները Լեռնային Ղարաբաղ։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, վկայակոչելով Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հրավիրվել է երկրի ԱԳՆ, որտեղ նրա ուշադրության են արժանացել Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող բեռնատար ավտոմեքենաների "Լեռնային Ղարաբաղ ապօրինի ուղեւորության" փաստերը, ինչի կապակցությամբ հակառակ կողմին նոտա է ներկայացվել:
Նոտայում բողոք է հայտնվել այն կապակցությամբ, որ վերջին շրջանում Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող տարբեր նշանակության ավտոմեքենաներ մշտապես ելումուտ են անում Ղարաբաղ՝ առանց "պաշտոնական Բաքվի թույլտվության":
"Որոշ ժամանակ առաջ իրանական կողմին բանավոր կերպով է բողոք արտահայտվել, հարցը բարձրացվել Է Իրանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ։ Հանդիպման ընթացքում նշվել է, որ Իրանի նոր վարչակազմը գործնական քայլեր կձեռնարկի երկու երկրների միջեւ բարեկամական եւ գործընկերային հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քայլերը կանխելու ուղղությամբ", - նշվում է հաղորդագրության մեջ:
Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, Երբ Ադրբեջանում այլ պետությունների դեսպանների կանչում են ԱԳՆ Լեռնային Ղարաբաղ այցելությունների պատճառով։ Ադրբեջանը նաեւ կիրառում է, այսպես կոչված, սեւ ցուցակում հայտնի հասարակական-քաղաքական գործիչների ներառումը՝ ԼՂՀ այցելելու համար:



