


Արմինֆո. Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, "Ֆրանսիա-Արցախ" բարեկամության խմբի փոխնախագահ Ֆրանսուա Պուպոնին խստորեն դատապարտում է Ադրբեջանի աննախադեպ ռազմական սադրանքը Հայաստանի նկատմամբ: Պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ տեղի է ունեցել անխուսափելին։
Ընդ որում, նա արձանագրել է, որ բառացիորեն մի քանի օր առաջ Հայաստան եւ Արցախ կատարած այցի ժամանակ բոլոր հայ կառավարական պաշտոնյաները, որոնց հետ ինքը հանդիպել է, նախազգուշացնում էին Հայաստանի հարավ ներխուժելու ադրբեջանցիների եւ թուրքերի ցանկության մասին՝ երկու երկրների միջեւ ուղիղ հաղորդակցություն ապահովելու նպատակով:
"Ես հասկանում էի, որ ռիսկն իրական էր։ Արցախի դեմ մահաբեր պատերազմից հետո ադրբեջանական զորքերն այժմ մի քանի կիլոմետր խորությամբ ներթափանցել են Հայաստանի Հանրապետության տարածք Սյունիքի մարզում։ Ես վճռականորեն դատապարտում եմ Ադրբեջանի կողմից այս աննախադեպ ռազմական սադրանքը և կոչ եմ անում Ֆրանսիային գործել արագ, որպեսզի վերջ դնի այդ նոր էսկալացիային և կանխի շատ լուրջ հետևանքները, որոնց այն կարող է հանգեցնել", - եզրափակել է ֆրանսիացի խորհրդարանականը:



