


Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին վերահաստատում է, որ ՀՀ զինված ուժերի և Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները պատրաստ են պահպանել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված հումանիտար հրադադարի պայմանները, ինչպես նաև կիրառել հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումները: Այդ մասին ասվում է ՊՆ մամուլի ծառայության տարածած հայտարարությունում:
«Այս առումով հորդորում ենք միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, իրենց հայտարարություններում և կոչերում հասցեական անդրադառնալ հակամարտության այն կողմին, որը զանազան միջոցներով խուսափում է հրադադարի ռեժիմի և այդ ռեժիմի պահպանման համար անհրաժեշտ վերիֆիկացիոն մեխանիզմների հաստատումից», - ասվում է ՊՆ հայտարարությունում:



