


Արմինֆո. Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատվել է «Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախումբ ստեղծելու, հանձնախմբի կազմը և գործունեության կարգը»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
<Որոշման համաձայն՝ ղեկավարելու եմ Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախումբը:
Հանձնախմբի խնդիրներն են Հայաստանի Հանրապետության պաշտպանական ոլորտում առկա խնդիրների վերհանումը, դրանց պատճառների բացահայտումը, հետևանքների կանխարգելումը, ռիսկերի նվազեցումը և պաշտպանական ոլորտի բարեփոխումների իրականացման ուղղությամբ առաջարկությունների ներկայացումը>,- ընդգծել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Նշենք, որ այս տարվա սկզբին բանակում արձանագրվել են ռեկորդային թվով ինքնասպանություններ։ Արձանագրվել է ոչ մարտական պայմաններում մահվան 13 դեպք՝ ընդամենը մեկուկես ամսում։ Արդյունքում հրաժարական են տվել ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը։ Հրաժարական է տվել նաև Արցախի պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը։



