


Արմինֆո.Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Քվեբեկի ընտրված վարչապետ Ֆրանսուա Լեգոյին:
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդման համաձայն, հանդիպման ժամանակ քննարկել է երկկողմ տնտեսական գործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարը, անդրադառնալով մեր երկրում գործարարությամբ զբաղվելու պայմաններին, նշել է, որ Հայաստանում բիզնես միջավայրը գնալով բարեփոխվում է` դառնալով ավելի բարենպաստ ներդրումների համար, քան առաջ, և հայկական կողմը հետաքրքրված է օտարերկրյա ներդրումների ներգրավմամբ: Իր հերթին Քվեբեկի ընտրված վարչապետը հետաքրքրություն է հայտնել զարգացնելու փոխադարձ տնտեսական համագործակցությունը: Վարչապետ Փաշինյանը հեռանկարային է համարել գյուղատնտեսության, գինեգործության, կոնյակագործության ոլորտներում փոխգործակցության զարգացումը:
Երկկողմ հարաբերությունների խորացման համատեքստում զրուցակիցները կարևորել են հումանիտար կապերի ամրապնդումը: Այս առումով Ֆրանսուա Լեգոն բարձր է գնահատել Մոնրեալի հայ համայնքի ակտիվ դերակատարությունը և կարևոր ներդրումը Քվեբեկի հասարակական-քաղաքական կյանքում:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում Քվեբեկի հաստատակամ և սկզբունքային դիրքորոշման և այդ նպատակով մի շարք բանաձևերի ընդունման համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:



