


Արմինֆո.Առաջնագծի հագեցվածության հարցում լուրջ առաջընթաց կա: Այդ մասին մարտի 28-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ՊՆ փոխնախարար, ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է արվել առաջնագծի վերահագեցման ուղղությամբ 2016 թ. ապրիլյան պատերազմից հետո:
Փոխնախարարը դժվարացել է մանրամասներ ներկայացնել իրականացված ինժեներական աշխատանքների մասով՝ պատճառաբանելով, որ չի վերահսկում այդ ուղղությունը, սակայն ընդգծել է, որ լուրջ աշխատանքներ են կատարվել գիշերային տեսահսկման սարքերով ապահովման ուղղությամբ: Աշխատում ենք նաև համակարգեր ստեղծելու ուղղությամբ, որոնք թույլ կտան հեռահար կառավարման միջոցով խոցել կրակակետերը և ավելի անվտանգ դարձնել մեր զինծառայողների գտնվելն առաջնագծում»,- ասել է Փախչանյանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք վերացել են անորակ վառելիքի հետ կապված խնդիրները, որոնց հետ բախվել էր հայկական բանակն ապրիլյան պատերազմի ժամանակ՝ փոխնախարարը հավաստիացրել է, որ այսօր հայկական բանակը վառելիքի հետ կապված խնդիրներ չունի: «Մեր բանակը գտնվում է լիակատար մարտական պատրաստվածության վիճակում, և վստահ եմ, որ ցանկացած ագրեսիա կստանա իր պատասխանը»,- ասել է Փախչանյանը:



