


Արմինֆո. Սպառազինության ձեռքբերման հարցում Հայաստանն առաջին հերթին կղեկավարվի սեփական շահերով, հայտարարել է ՀՀ ՊՆ փոխնախարար, ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը։
Մարտի 28-ին ելույթ ունենալով Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ՝ փոխնախարարը, մեկնաբանելով ԱՄՆ սպառնալիքը՝ պատժամիջոցներ կիրառել պետութունների նկատմամբ, որոնք շարունակում են զենք ձեռք բերել Ռուսաստանից, մասնավորապես, ասել է. «Պատժամիջոցներն, իհարկե, խնդիր են, բայց Հայաստանն ունի անվտանգության ապահովման հարց: Այդ պատճառով այդ հարցում մենք առաջին հերթին ղեկավարվելու ենք սեփական շահերով»:
Նշենք, որ հունվարի վերջին ուժի մեջ են մտել ամերիկյան պատժամիջոցները, որոնք թույլ են տալիս ԱՄՆ-ին մի շարք ֆինանսական տույժեր կիրառել նրանց նկատմամբ, ովքեր «գործարքներ են իրականացնում Ռուսաստանի Դաշնության պաշտպանական կամ հետախուզական գերատեսչություններում գտնվող անձանց հետ կամ գործում են նրանց անունից կամ հանձնարությամբ»: Պատժամիջոցային ցուցակում ընդգրկվել է 39 ռուսական պաշտպանական ձեռնարկություն, այդ թվում՝ «Ռոսօբորոնէքսպորտը» : Ինչպես հայտնի է դարձել, ԱՄՆ-ը տեղեկացրել է Հայաստանին և այլ երկրների, որ նրանք նկատմամբ կարող են պատժամիջոցներ կիրառվել՝ ռուսական ռազմական տեխնիկայի գնումները շարունակելու դեպքում:
Հատկանշական է, որ Ռուսաստանը սպառազինությունների երկրորդ խոշորագույն արտահանողն է աշխարհում, այդ պատճառով այն երկրների ցուցակը, որոնք տեսականորեն կարող են հայտնվել պատժամիջոցների տակ, հսկայական է:



