
Արմինֆո. Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետքերը տանում են դեպի այդ երկրի իշխանությունները, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա խոսքով, Անկարայում ռուս դիվանագետի սպանությունը լուրջ հարված է հասցրել թուրքական իշխանությունների հեղինակությանը: Բացի այդ, դա ակնհայտ վկայություն է այն բանի, որ թուրքական ընտրախավը պառակտված է: «Դեսպանի սպանության հետքերը տանում են դեպի Թուրքիայի ազգային անվտանգության ծառայություն և ընտրախավ, չեմ կարող ասել, թե հատկապես դեպի ուր, բայց՝ այդ ուղղությամբ: Դա վկայում է այն մասին, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին չի հաջողվել մինչև վերջ չեզոքացնել հուլիսյան ձախողված հեղաշրջման մասնակիցներին: Դա նաև երկրի ղեկավարության քաղաքական ուղեգծից ընտրախավի մի մասի դժգոհության ապացույց է»,- համոզված է արևելագետը:
Սաֆրաստյանը նշել է, որ Թուրքիան լուրջ կորուստներ է կրել Սիրիայի հյուսիսում և սիրիական ճգնաժամում իր ազդեցությունը վերջնականապես չկորցնելու համար գնացել է Ռուսաստանի և Իրանի հետ մարտավարական փոխգործակցության: Նա հիշեցրել է, որ Թուրքիան Հալեպին տիրանալու լուրջ ծրագրեր ուներ, բայց քանի որ դրանք ձախողվել են, որովհետև կառավարական զորքերին հաջողվել է դուրս մղել գրոհայիններին քաղաքացից և տիրանալ քաղաքի արևելյան մասին, Անկարան այժմ փորձում է թույլ չտալ քրդական բնակչության երկու հատվածների միավորումը Սիրիայի հյուսիսում: «Աշխարհաքաղաքական առումով Թուրքիայի շահերը մի կողմից, Ռուսաստանի և Իրանի՝ մյուս կողմից, լիովին տարբերվում են, ինչի վկայությունն է Կառլովի սպանությունը, ով, ինչպես հայտնի է, մասնակցել է Սիրիայի շուրջ բանակցություններին: Այդպիով՝ արմատական ջիհադիստները ցույց տվեցին Էրդողանի քաղաքականությունից իրենց դժգոհությունը»,- ասել է Սաֆրաստյանը:
Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը սպանվել է դեկտեմբերի 19-ին Անկարայի ժամանակակից արվեստի կենտրոնում` «Ռուսաստանը թուրքերի աչերով» լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ: Թիկնապահի տեսք ունեցող մարդասպանն ավելի ուշ սպանվել է թուրք ոստիկանների կողմից: Դեսպանի սպանությունը հետաքննելու նպատակով արդեն Ռուսաստանից Թուրքիա է մեկնել հատուկ ծառայությունների, ՌՔԿ և ԱԳՆ 18 աշխատակիցներից կազմված օպերատիվ քննչական խումբը: