
Արմինֆո. Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրինագիծը և կից օրինագծերի փաթեթը:
Ներկայացնելով փաստաթուղթը՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, մասնավորապես, նշել է, որ օրինագծով առաջարկվում է հատուցման գումարներ վճարել այն զինծառայողներին, ովքեր մահացել կամ հաշմանդամություն են ստացել մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ: Հատուցման գումարների վճարումն իրականացնելու եւ հավաքագրված դրամական միջոցները կառավարելու նպատակով առաջարկվում է ստեղծել հատուկ կառույց՝ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ, որի դրամական միջոցները կձեւավորվեն յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ գումարի չափով վճարվող դրոշմանիշային վճարներից, հատուկ այդ նպատակով թողարկված արժեթղթերի վաճառքից, հատուկ այդ նպատակով ստացված դրամաշնորհներից, նվիրաբերություններից եւ նվիրատվություններից: Նախատեսվում է, որ սպայի, ենթասպայի կամ շարքային զինծառայողին մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության դեպքում նրա ընտանիքին կամ նրան միանվագ կհատկացվի 10 մլն դրամ, սպային ամսական կհատկացվի համապատասխանաբար 300 հազար դրամ, ենթասպային՝ 250 հազար դրամ, շարքային զինծառայողին՝ 200 հազար դրամ: Երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում սպային կհատկացվի միանվագ 5 մլն դրամ, ամսական հատուցում 20 տարվա ընթացքում՝ 200 հազար դրամ, ենթասպային՝ 5 մլն դրամ միանվագ եւ ամսական 150 հազար դրամ, շարքային զինծառայողին՝ 5 մլն դրամ միանվագ եւ ամսական 100 հազար դրամ: Բոլոր դեպքերում, եթե զինծառայողն ունի 3 կամ ավելի երեխա, ապա, ի լրումն վերոնշյալ գումարների, նրա ընտանիքին յուրաքանչյուր ամիս կվճարվի եւս 100 հազար դրամ: ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը վստահեցրել է, որ համակարգի կառավարման հետ կապված ծախսերը պետք է հասցվեն նվազագույնի, որպեսզի հավաքագրված միջոցները հասնեն շահառուներին, գործընթացը լինի պարզ եւ թափանցիկ, որպեսզի այն արժանանա հանրության վստահությանը: Նախատեսվում է, որ հատուցման գումարները կվճարվեն 2017 թվականի հունվարի 28-ից հետո տեղի ունեցող հատուցման դեպքերի համար: Սարգսյանը տեղեկացրել է, որ 1000-ական դրամ վճարից կազատվեն այն քաղաքացիները, ովքեր ընտանիքում ունեն հաշմանդամ կամ զոհված զինծառայողներ: Բացի այդ, վճարից կազատվեն նաեւ այն ընտանիքները, որոնք ունեն ժամկետային զինծառայողներ, վստահեցրել է Վիգեն Սարգսյանը: Նախարարն ընդգծել է, որ նախագիծն առնչվում է երկրի պաշտպանական քաղաքականությանը, ոչ թե սոցիալական ոլորտին: Նա նշել է, որ օրենքի նախագիծը մշակելիս մանրակրկիտ ուսումնասիրվել է նախադեպային սահմանադրական իրավունքը եւ անդրադարձ է կատարվել ՍԴ համապատասխան որոշմանը: Սարգսյանը հավելել է, որ հիմնադրամը թիրախային է, որեւէ այլ ծրագրի համար այս հիմնադրամից միջոցներ օգտագործվել չեն կարող: Խոսելով հոգաբարձուների խորհրդի կառուցվածքի մասին՝ նա տեղեկացրել է, որ այն բաղկացած կլինի 9 անդամից, որոնցից 3-ը կնշանակվեն ՀՀ կառավարության, 3-ը Կենտրոնական բանկի կողմից, եւս 3 անդամներ էլ կներկայացնեն քաղաքացիական հասարակությունը:
Վիգեն Սարգսյանը խոստովանել է, որ տեղյակ է հասարակական լայն բանավեճերին, որոնք հարուցել է օրինագիծը, գիտի նաև իր, իշխանությունների և ՊՆ ղեկավարության հասցեին քննադատությունների մասին: Անդրադառնալով կարծիքներին, թե ավելի լավ կլիներ վերադարձնել ՊՆ որոշ պաշտոնյաների յուրացրած միջոցները, այլ ոչ թե հիմնադրամներ ստեղծել՝ նախարարը հայտարարել է. «Եթե համապատասխան կառույցները հայտնաբերեն անձանց, ովքեր հարստացել են բանակի հաշվին, նրանք, իհարկե, պետք է պատժվեն, իսկ գողացված միջոցներ վերադարձվեն»: Ըստ որում, նախարարը կասկած է հայտնել ՊՆ և ԶՈւ միջոցները յուրացնելու հնարավորության առնչությամբ: Չնայած դրան, նախարարը հայտարարել է, որ ՊՆ-ում արդեն պայքար է սկսված ստվերի դեմ, և համոզմունք հայտնել, որ արդեն մոտ ապագայում շոշափելի արդյունքներ կգրանցվեն:
Պատասխանելով մեկնաբանություններին, որ նախաձեռնությունը սոցիալապես արդար չէ, քանի որ շրջանցում է մինչև օրենքի ընդունումը մահացած կամ հաշմանդամություն ստացած զինվորականներին ընտանիքներին՝ Սարգսյանը նշել է, որ ընդհանուր առմամբ համամիտ է այդ կարծիքներին: «Բայց դա մեր հնարավորությունների մաքսիմումն է»,- նշել է նա՝ ընդգծելով, որ եթե հանկարծ հրաշք կատարվի, և օրենքի ընդունումից հետո բանակում այլևս դժբախտ դեպքեր չլինեն, հիմնադրամի միջոցները կուղղվեն մինչև օրենքի ընդունումը մահացած կամ հաշմանդամություն ստացած զինվորականներին ընտանիքներին:
Սարգսյանը հայտնել է նաև, որ դիմել է կառավարությանը, որպեսզի ազատ բյուջետային միջոցներն ուղղվեն պաշտպանության ոլորտին, քանի որ «մեր առջև ԶՈւ լիակատար արդիականացման խնդիր է դրված»:
Անդրադառնալով ընդհանուր առմամբ զինծառայողների սոցիալական խնդիրներին՝ Սարգսյանը հայտարարել, որ ամենահրատապ խնդիրը սպաների ընտանիքներին կացարանով ապահովումն է: Սակայն, նրա խոսքով, բյուջետայինս միջոցներ դրա համար չկան, այդ պատճառով հարցը պետք է լուծվի արտաբյուջետային միջոցներով:
Նա նաև հայտարարել է, որ պաշտպանության ոլորտի բյուջետային ֆինանսավորումն ամբողջությամբ կատարվում է, ինչ վերաբերում է արտաբյուջետային միջոցների ներգրավմանը, այստել էլ լավ իրավիճակ է: