
Արմինֆո. Լեռնային Ղարաբաղը, որն այս տարի տոնեց իր անկախության 25-ամյակը, կայացած պետություն է, և դա պետք է գիտակցեն ինչպես Ադրբեջանը, այնպես էլ՝ միջազգային հանրությունը: Այդ մասին հայտարարել է ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ելույթ ունենալով Ասիական քաղաքական կուսակցությունների 9-րդ Գլխավոր ասամբլեայում:
ՙՕկուպացիայի և չճանաչման քաղաքականությունը ոչ միայն անարդյունավետ է, այլ նաև անհիմն, քանի որ հակասում է պատմական արդարությանը և իրավունքի նորմերին՚,- հայտարարել է Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ հակամարտության լուծումից հետո երկու կողմերից փախստականները պետք է վերադառնան իրենց նախկին բնակության վայրեր:
Հովհաննիսյանն ուշադրությունը կենտրոնացրել է նաև Ասիական քաղաքական կուսակցությունների Գլխավոր ասամբլեայի կողմից ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի նկատմամբ օբյեկտիվ և հավասար վերաբերմունքի պահպանման անհրաժեշտության վրա:
Այնուհետև նա կոչ է արել Անկարային համակերպվել պատմական իրողության հետ, ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դիվանագիտական հարաբերություններ հաստատել Երևանի հետ և ապաշրջափակել հանրապետության սահմանները:
Խոսելով հայ-իրանական հարաբերությունների մասին՝ նա ընդգծել է, որ դրանք զարգանում են դինամիկ կերպով, և որ Իրանը Հայաստանի ռազմավարական կարևոր գործընկերն է: ՙԴա ևս մեկ անգամ ապացուցում է, որ կրոնը չի կարող բաժանարար գործոն լինել հարբերություններում և միջազգային քաղաքականությունում՚,- հայտարարել է Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է հայ-վրացական հարաբերություններին, ապա դրանք, ՙԺառանգության՚ առաջնորդի խոսքով, ավանդապես կայուն բնույթ են կրում և ունեն զարգացման միտում՝ երկրի իշխանությունների կողմից Վրաստանի հայ համայնքի իրավունքները հաշվի առնելու դեպքում:
Խոսելով ռուս-հայկական հարաբերությունների մասին՝ Հովհաննիսյանն ընդգծել է
vis-à-vis ձևաչափով հավասարակշռված համագործակցության անհրաժեշտությունը: ՙԱյս ամենը վերաբերում է նաև այլ երկրների հետ Հայաստանի հարաբերություններին՚,- հայտարարել է նա:
Անդրադառնալով ներքաղաքական հարցերին՝ Հովհաննիսյանն ընդգծել է, որ Հայաստանը ժողովրդավարական բարեփոխումների խորացման, աղքատության և սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարման կարիք ունի: