


Ադրբեջանին ղարաբաղյան 5 շրջանների հանձնման ոչ մի ռուսական ծրագիր գոյություն չունի: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԳԱ Պրիմակովի անվան հետխորհրդային հետազոտությունների ԳՀԻ ղեկավար Ալեքսանդր Կռիլովը:
«Իրականում, բանակցային գործընթացն արդեն վաղուց փակուղում է: Այդ լույսի ներքո, գիտակցելով խաղաղ կարգավորման հեռանկարների տեսանելի բացակայությունը, գործընթացի բանակցային խաղացողներն աշխուժություն են դրսևորում` իրավիճակը վերահսկողության տակ պահելու և նոր պատերազմ թույլ չտալու նպատակով: Այսօր նրանք, պարզապես, ժամանակ են ձգում, սպասելով առկա փակուղային իրավիճակի այնպիսի փոփոխության, որը թույլ տար նոր հնարավորություններ բացել խաղաղ կամ ռազմական լուծման համար», - նշել է նա:
Ղարաբաղի շուրջ ուժերի հաշվեկշիռը փոխելու ունակ փոփոխությունների շարքին Կռիլովը դասում է, նախևառաջ, ԻՊ և նման կազմակերպությունների գործունեության տարածումը տարածշրջանում, իրավիճակի ապակայունացումն արևելյան Թուրքիայում, բուն Ադրբեջանում և Հայաստանում: Ընդ որում` քաղաքագետը կարծում է, թե Հայաստանում իշխանափոխության և նրա ուղու եվրատլանտյանի փոխվելու դեպքում Հայաստանի ապակայունացումը բոոլորովին չի համապատասխանի Ռուսաստանի շահերին:
Հայկական ԶԼՄ-ները, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ, հրապարակել էին, այսպես կոչված, «Պուտինի ծրագիրը» ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Առաջարկությունները չափազանց մոտ են 1997 թվականի փուլային տարբերակին և ներառում են երկու հիմնական փաթեթ. առաջին` հայկական զորքերը դուրս են բերվում 5 շրջաններից` Աղդամից, Ֆիզուլիից, Ջաբրաիլից, Զանգելանից և Կուբաթլուից, երկրորդ` Լեռնային Ղարաբաղն ստանում է հաստատուն միջանկյալ կարգավիճակ, որը չի ենթադրում վերադարձ Ադրբեջանին և անկախ կարգավիճակ տեսանելի ապագայում: Ընդ որում, ղարաբաղցիների ինքնորոշման իրավունքի իրացման շուրջ հանրաքվեի անցկացումը, որն ամրագրված է մադրիդյան և կազանյան փաստաթղթերում, հետաձգվում է անորոշ ժամանակով:



