
Ռուսաստանում, սովորաբար, Արևմուտքի նախաձեռնած հերթական մայդան են տեսնում նախկին ԽՍՀՄ երկրներից որևէ մեկում քաղաքացիական անհնազանդության յուրաքանչյուր ալիքի հետևում: Ձեր կարծիքով, որո՟նք են հուլիսի 17-ից Հայաստանում դիտվող ներքին անկայունության պատճառները:
Ռուսաստանում հատկապես ո՟վ է « սովորաբար, Արևմուտքի նախաձեռնած հերթական մայդանտեսնում նախկին ԽՍՀՄ երկրներից որևէ մեկում քաղաքացիական անհնազանդության յուրաքանչյուր ալիքի հետևում»: Եթե ինչ-որ մեկը տեսնում է, ապա ինչու՟ ես պետք է մեկնաբանեմ այդ կարծիքը: Եվ ի՟նչն եք Դուք, հատկապես, անվանում «մայդան»: Այդ պատճառով հարցի առաջին մասը թողնում եմ առանց մեկնաբանության: Հայաստանում անկայունության պատճառները, իմ կարծիքով, այսպիսին են. նախ, առկա է անբարեկեցություն և աղքատություն, որոնցից իշխանությունները չեն կարողանում գլուխ հանել: Շատերը կարծում են, որ իշխանությունները բավականաչափ ջանք չեն գործադրում Հայաստանում առկա տնտեսական խնդիրները լուծելու համար: Դա հարուցում է դժգոհություն, որը փնտրում է քաղաքական դրսևորում: Երկրորդ, և ինձ սա ավելի կարևոր է թվում, հայ ազգայնականության որոշ առանձնահատկությունները ստեղծում են և, դժբախտաբար, կստեղծեն նման իրավիճակներ: Ազգային զգացմունքների և ազգայնականության կենտրոնական օբյեկտը, ես այս բառն օգտագործում եմ ըստ անգլոսաքսոնական ավանդույթի, այսինքն` առանց գնահատելու, Հայաստանում ոչ այնքան ազգային պետականությունն է, որքան ազգը` որպես այդպիսին, որն, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունից զատ ներառում է նաև Ղարաբաղը, սփյուռքը, ինչ-որ ժամանակ կորցրած տարածքների մասին հիշողությունները, տարբեր դարաշրջանների մարտական խմբերի փառաբանումը: Եթե կուզեք իմանալ, ազգայնականության խորհրդանշական կապիտալը պատկանում է ոչ միայն և ոչ այնքան պետությանը, որքան ցրված է ամենատարբեր առարկաների և խաղացողների միջև: Ուստի, տարօրինակ է, օրինակ, ռուսական ավանդույթի տեսանկյունից, որտեղ հենց պետությունն է ազգը, որ պատանդ վերցրած և երկրում իշխանափոխություն պահանջող զինված խմբավորումը հասարակության բեվականին մեծ մասի շրջանում ընկալվում է ոչ թե որպես ահաբեկիչ կամ խռովարար, որը ոտնձգություն է կատարում ազգային ինքնիշխանության նկատմամբ, այլ` որպես ազգային գաղափարի ջատագով: Ավելին, որպես քաղաքական առաջնորդներ, որոնք իրենց անձնական կենսագրության առանձնահատկությունների պատճառով ներըմբռնողաբար հասու են լինում «ազգի կամքին», և, չխնայելով իրենց ու մյուսներին, մարմնավորում են այդ կամքը: Սովորաբար, ազգայնականությունը համապատասխան ազգային պետության գաղափարական հիմքն է: Սակայն Հայաստանում այդպես չէ. ազգայնականները խռովություն են սկսում հենց սեփական պետության դեմ:
Արդյո՟ք Դուք բավարար և առկա իրողություններին համապատասխանող եք համարում Մոսկվայի ներկայիս անդրկովկասյան արտաքին քաղաքական վեկտորը: Մասնավորապես, կգնահատե՟ք Ռուսաստանի ներկայիս քաղաքականությունը Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ` ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում:
Անդրկովկասը, որպես կանոն, գտնվում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության օրակարգի ծայրամասում: Դա չի նշանակում, թե Ռուսաստանն անտարբեր է տարածաշրջանի նկատմամբ: Դա արտացոլում է սոսկ այն իրողությունը, որ այն, ինչ տեղի է ունենում ռուս-ամերիկյան կամ ռուս-գերմանական հարաբերություններում, Սիրիայում կամ Ուկրաինայում, Ռուսաստանի համար ավելի կարևոր է, քան Անդրկովկասը: Բացառւոթյուն է, երբ տարածաշրջանում տեղ են գտնում սուր ճգնաժամեր, որոնք պահանջում են Ռուսաստանի քաղաքական ղեկավարության միջամտությունը: Ինչպես, օրինակ, դա եղավ ապրիլի սկզբին:
Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն Անդրկովկասում, իմ կարծիքով, խելամիտ է, զուսպ, հնարավորինս հետևողական: Այն պայմաններում, երբ տարածաշրջանն առաջնային չէ, այդ քաղաքականության խնդիրները պահպանողական են. թույլ չտալ նոր պատերազմներ, դադարեցնել պատերազմները, եթե դրանք, այնուամենայնիվ, ծագում են, խուսափել տարածաշրջնի երկրների ներքաշումից այն ռազմական դաշինքներ, որոնց Ռուսաստանը չի պատկանում, խուսափել Անդրկովկասում երրորդ երկրների ռազմական ենթակառուցվածքի տեղակայումից, աջակցել հակամարտությունների կարգավորմանը այնքանով, որքանով դրան պատրաստ են իրենք` հակամարտող կողմերը: Ռուսաստանը, ինչպես դժվար է չնկատել, հիմնականում, հաջողությամբ է լուծում այդ խնդիրները: Ռուսաստանի համար սկզբունքայինը եղել և մնում է միջնորդի կարգավիճակի պահպանումը Հայաստանի և Ադրբեւանի միջև հակամարտությունում: Ապրիլին Մոսկվային ակտիվորեն դրդում էին այն բանին, որպեսզի որդեգրի կողմերից մեկի դիրքորոշումը, սակայն Մոսկվան երբերք դրան չի գնա և միշտ կձգտի պահպանել անկողմնակալություն:
Մոսկվայի բավականին ոչ միանշանակ է դերն ապրիլյան սպանդի կասեցման գործում, երբ կողմերը միմյանց սպանում էին, հիմնականում, վերջին երկու տասնամյակում ձեռք բերված ռուսական զենքով, էապես ամրապնդեց Կրեմլի ազդեցությունն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարության շրջանում: Ընդ որում, վստահությամբ կարելի է նշել, որ դիմակայող հասարակություններում Ռուսաստանի նկատմամբ համակրանքն էապես նվազել է: Ձեր կարծիքով, դեպի բացառապես գործող վերնախավեր կողմնորոշված Մոսկվայի քաղաքականությունը որքանո՟վ է համապատասխանում Կովկակսի լեռնաշղթայում ռուսական ներկայության երկարաժամկետ պահպանման շահերին` հաշվի առնելով Վրաստանի և Ուկրաինայի վերջին օրինակները:
Ես կցանկանայի ինչ-որ ավելի ծանրակշիռ հաստատումներ ստանալ այն բանի, որ երկու երկրների հասարակությունների շրջանում Ռուսաստանի նկատմամբ համակրանքը նվազել է այն բանից հետո, երբ Ռուսաստանը կասեցրեց սկսված պատերազմը: Սա առաջինը: Երկրորդ. համակրանը, հատկապես, եթե դրա մասին դատենք հրապարակախոսների տեքստերից, չափազանց անկայուն բան է: Արտաքին քաղաքականություն կառուցել` կախված այն բանից, թե ինչ են գրում, թերթերի մեկնաբանները Երևանում և Բաքվու՟մ, շնորհակալ ենք, մենք նախընտրում ենք այն հիմնավորել ավելի ծանրակշիռ բաներով: Ես բոլորովին այլ պատկերացում ունեմ այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Ուկրաինայում և Վրաստանում: Իրականում, Ռուսաստանն աշխատում էր Ուկրաինայի հասարակության շատ լայն շերտերի հետ: Ուկրաինայում Ռուսաստանի հետ համագործակցությանը կողմնորոշված ուժերի քաղաքական ազդեցությունն այնքան մեծ էր, որ մեր արևմտյան գործընկերներն ստիպված էին պետական հեղաշրջում կազմակերպել, սանձազերծել քաղաքացիական պատերազմ և աջ արմատական ահաբեկչություն` այդ ուժերը քաղաքականությունից բացառելու նպատակով: Ժողովրդվարական ճանապարհով Ուկրաինայում հաղթել Արևմուտքը, պարզապես, չէր կարող: Ռուսաստանի բարեկամ ուժերը պարտադիր կվերադառնան Ուկրաինայի քաղաքականություն և իրենց օրինական տեղը կզբաղեցնեն Կիևում: Իսկ ինչ վերաբերում է Վրաստանին, ապա եկեք հիշենք, թեկուզ, Էդուարդ Շևարդնաձեի հրաժարականի հանգամանքները, ինչպես նաև Ռուսաստանի դերն Աջարիայում իշխանափոխության գործում` 2004 թվականի մայիսին: Մոսկվան անկեղծորեն որոնում էր Սահակաշվիլիի հետ համագործակցության ուղիներ: Նա ինքը վանեց իրեն մեկնած ձեռքը: Եվ երկիրը հասցրեց աղետի` 2008 թվականին:
Ո՟ր աշխարհաքաղաքական գործոններն են կանխորոշիչ դեր խաղում կովկասյան ուղղությամբ և, ընդհանուր առմամբ, հետխորհրդային տարածքում Ռուսաստանի արտաքին քաղաքականության վեկտորներն ու բովանդակությունը որոշելիս: Այսօր որտեղի՟ց է բխում հենց Ռուսաստանի գոյության և ԱՊՀ տարածքում նրա շահերի համար գլխավոր սպառնալիքը:
Ես արդեն նշեցի, թե, իմ կրածիքով, ինչ խնդիրներ է լուծում Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն Անդրկովկակսում: Այդ խնդիրները երկարաժամկետ են, դրանք կորոշեն Ռուսաստանի քաղաքականության բնույթը երկար տարիներ շարունակ: Ես չեմ կարծում, թե հետխորհրդային տարածքում Ռուսաստանի բուն գոյության համար սպառնալիքներ կան: Սակայն Ռուսաստանի անվտանգության և շահերի համար սպառնալիքներ, անշուշտ, կան: Նախևառաջ, դա քաոսի առաջացման սպառնալիքն է հետխորհրդային երկրներից մեկում կամ մի քանիսիում, դրա հետ կապված` ԻՊ նման արմատական խմբավորումների իշխանության գալու սպառնալիքը: Երկրորդ տեղում հակամարտությունների գոտիներում ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքն է: Երորդ տեղում երրորդ երկրների ռազմական ենթակառուցվածքի կամ անվտանգության երաշխիքների ի հայտ գալն է Ռուսսատանի համար զգայունակ տարածաշրջաններում:
Ձեր կարծիքով, ի՟նչը պետք է գերակայություն դառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությունը և դիրքորոշումը սահմանելիս, որը համապատասխանի բուն Ռուսաստանի շահերին: Որտեղո՟վ է անցնում Ռուսաստանի հնարավորությունների և գերապատվությունների կարմիր գիծն այդ հակամարտության կարգավորման գործում:
Կարմիր գիծը նոր պատերազմ թույլ չտալն է: Շատ կարևոր է, որպեսզի սկսվի երկու հասարակությունների հաշտեցում, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի թե քաղաքական խավերը, թե ընտրողներն ընդունեն փոխզիջումների անհրաժեշտությունն ու օգտակարությունը` հանուն խաղաղության և հենց այդ խաղաղության բացարձակ արժեքի: