Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Սասնա ծռեր» խմբի աջակիցների հերթական հանրահավաքը:
Ազատության հրապարակում հավաքվել են մի քանի հարյուր մարդ, որոնք վանկարկում են`«Սասնա ծռեր», պահանջելով անհապաղ ազատ արձակել այդ խմբի անդամներին: Այնուհետև հերթով ամբիոնին էին մոտենում ակցիայի մասնակիցները, հանդես գալով զորակցելով «Սասնա Ծռեր» խմբին և քննադատելով երկրի ղեկավարությանը, ներկայիս դժվարին սոցիալ-տնտեսական իրավիճակը, պահանջելով իշխանափոխություն:
Հանրահավաքում տեղի ունեցավ ուշագրավ միջադեպ: Որոշ ելույթ ունեցողներ Ազատության հրապարակ էին եկել իրենց ընտանիքների, փոքր երեխաների, ծնողների հետ, նրանց հետ միասին բարձրանալով ամբիոն: Երեխաներից մեկն իր հոր ելույթի ընթացքում նրան զգուշացրեց չվանկարկել «Սերժիկ հեռացիր», թե չէ կձերբակալեն: Այդ կապակցությամբ ելույթ ունեցող քաղաքացին ոստիկաներին խնդրեց բարձրանալ հարթակ և սեղմել երեխայի ձեռքը, որպեսզի նա այսուհետ չմտածի, որ Հայաստանում մարդկանց կարող են ձերբակալել միայն կամքի ազատ արտահայտության համար: Ոստիկանը երկար ժամանակ չէր բարձրանում հարթակ: Բայց կես ժամ անց, հավանաբար թույլտվություն ստանալով իր ղեկավարոթյունից, նա բարձրացավ հարթակ և համբուրեց փոքրիկին, ինչն ընդունվեց բուռն ծափահարություններով:
Այկնուհետև խոսք վերցրեց 76-ամյա քաղաքացի Աշոտ Պետրոսյանը, ով երեկվանից հացադուլ է: Նա ևս, ինչպես մյուսները, պահանջեց Սերժ Սարգսյանի հրաժարականը, ինչպես նաև անհապաղ ազատ արձակել «Սասնա Ծռեր» խմբի անդամներին:
Բոլորի համար անսպասելի ամբիոնին մոտեցավ ՀՀՇ նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը, հայտարարելով, որ հայ ժողովրդին ամբողջ աշխարհով ղեկավարում է Ազատության հրապարակը, այլ ոչ թե «ինչ-որ նախագահներ, վարչապետներ կամ խոսնակներ»: «Թե աշխարհը, թե գերտերությունները հաշվի են նստում հենց այս հրապարակի հետ, այլ ոչ թե բոլոր տեսակի նախագահների ու վարչապետների հետ: Բոլորն աշխարհում, սկսած Օբամայից և Պուտինից, պետք է տեսնեն, որ հայ ժողովուրդը կրկին հրապարակում է», - ասաց Մանուչարյանը: Նա նաև ընդգծեց, որ եթե հրապարակում հավաքվի բավարար մարդկանց խումբ, ապա «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը կդադարեցնի հացադուլը, իսկ Սերժ Սարգսյանն ստիպված կլինի իրականացնել ժողովրդի կամքը: Եզրափակելով, նա հայ ժողովրդին կոչ արեց համախմբվել և հավաքվել Ազատության հրապարակում:
Այնուհետև ելույթ ունեցավ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը, հայտարարելով, որ մինչև «Սասնա ծռեր» խմբի կողմից հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավումը «մենք ունեինք մեկ այլ Հայաստան, իսկ հիմա ունենք այլ Հայաստան»:
Այնուհետև ամբիոնին մոտեցավ ձերբակալված Շանթ Հարությունյանի որդին` Շահենը, իր դժգոհությունը հայտնելով այն կապակցությամբ, որ հանրահավաքի կազմակերպիչները փորձում են խոչընդոտել իր ելույթին, ցանկանալով իմանալ, թե ինչի մասին պետք է խոսի: «Ես կխոսեմ այն մասին, ինչի մասին մտածում եմ, կարծում եմ, որՀայաստանում խաղաղ պայքար չի ստացվում: Բոլոր նրանք, ովքեր խաղաղ պայքարի կոչ են անում, նվաստանում են իշխանությունների կողմից բանտարկվում են», - ասաց նա, նշելով, որ Հայաստանում պայքարի լավագույն ձևը զինված պայքարն է:
Հանրահավաքից հետո, ցուցարարները որոշեցին Երևանի կենտրոնական փողոցներով (Աբովյան փողոց, Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա) երթով գնալ դեպի Բաղրամյան պողոտա, դեպի ՀՀ նախագահի նստավայր: Ցուցարարները դիմեցին ոստիկանությանը, խնդրելով ապահովել իրենց անվտանգությունը երթի ժամանակ: