
«Այ Էյ Բի բիզնեսի միջազգային ակադեմիայի ամառային դպրոց՝ պատանի առաջնորդների համար» ծրագրի շրջանակում 12-ից 16 տարեկան քսան աշակերտ այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հյուրերին է ներկայացրել կազմակերպության կառավարման գործընթացների մշակույթը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաջողության պատմությունը, արժեքներն ու համոզմունքները, որոնցով կազմակերպությունն առաջնորդվում է իր գործունեության ընթացքում, ինչպես նաև պատասխանել է աշակերտներին հետաքրքրող հարցերին:
Աշակերտները ծանոթացել են նաև բջջային կապի տեխնոլոգիաների հիմունքներին՝ այցելելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի օպերացիոն հիմնական կենտրոններ. զանգերի կենտրոն, տեխնիկական կենտրոն և սպասարկման կենտրոն: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը պատմել է, թե ինչպես է գործում բջջային կապը, ինչպես է փոխանցվում ազդանշանը և իրականացվում կապը բաժանորդների միջև:
«Միշտ հաճելի է տեսնել երեխաների՝ նոր գիտելիք ստանալու, զարգանալու և աճելու ձգտումը: Մեր ընկերության ամենաարժեքավոր ձեռքբերումներից մեկը տարիների փորձն է, ինչը միշտ պատրաստ ենք կիսել նրանց հետ, ովքեր բռնել են հաջողության հասնելու ճանապարհը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
2016 թ.-ի ամառային դպրոցի ծրագրի շրջանակում Բիզնեսի միջազգային ակադեմիայի (Այ Էյ Բի) աշակերտները սովորում են անգլերեն, ձեռնարկատիրություն, բիզնես կրթություն, նախագծերի կառավարում, ինչպես նաև այցելում են բազմաթիվ ձեռնարկություններ՝ անհատական զարգացման նպատակով: Ձեռնարկատիրության և բիզնես կրթության այս բացառիկ ծրագրի նպատակն է ուղղորդել երեխաներին գաղափարի ձևավորումից մինչև իրենց առաջին ստարտափ գաղափարների ստեղծում՝ բացահայտելով նրանց համար առաջնորդության, մեծ գաղափարների, ստարտափերի, կազմակերպությունների հաջողության, ֆինանսների և մարքեթինգի հասկացությունները:
Նշենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: