

Հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը լավ հիմք կդնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարելու համար: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՙՂարաբաղի առնչությամբ մեր դիրքորոշումը հայտնի է բոլորին: Մենք ցանկանում ենք, որ այդ հարցը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ ցանկանում եմ երախտագիտություն հայտնել ձեզ և Մինսկի խմբի համանախագահող երկրներին այն ըմբռնման և ջանքերի համար, որ դուք դրսևորում եք այդ հարցում: Բայց, ցավոք, մեկ կողմի ցանկությամբ նման հակամարտությունները չեն լուծվում: Եվ մենք ուրախ կլինեինք, եթե այսօր կարողանայինք առաջ շարժվել այն պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ, որոնք մենք ձեռք ենք բերել, այսինքն՝ ստեղծենք հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմներ՚,- նշել է Սարգսյանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտությնա կարգավորումը: Պուտինի օգնական Յուրի Ուշակովի խոսքով, ՙՌԴ նախագահը, նախ, առանձին հանդիպումներ կունենա Սարգսյանի և Ալիևի հետ, իսկ հետո արդեն երեք նախագահները միասին բանակցություններ կանցկացնեն՚:



