
Շուրջ 600 լրագրող է դիմել հավատարման համար` Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան լուսաբանելու նպատակով: Այդ մասին հաղորդում է Հայաստանի արտգործնախարարությունը` «Թուիթերի» իր միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը հունիսի 24-26-ն այցելելու է Հայաստան: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո Սրբազան քահանայապետը կմեկնի Մայր աթոռ Ս. Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը: Նույն օրը երեկոյան Սրբազան քահանայապետը ՀՀ նախագահի նստավայրում հանդիպում կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Այցի առաջին օրը կամփոփվի Մայր աթոռ Ս. Էջմիածնում Ֆրանցիսկոս Պապի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի հանդիպմամբ: Հունիսի 25-ի առավոտյան Սրբազան քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան: Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այնուհետև Ամենայն հայոց կաթողիկոսի հետ կմեկնի Գյումրի, որտեղ Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում: Գյումրիում Հռոմի Պպպը նաև կայցելի Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Ս. Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր Տաճար: Նույն օրը երեկոյան Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն և Խաղաղության աղոթք: Հունիսի 26-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Հռոմի սրբազան քահանայապետը հանդիպում կունենա Հայ Կաթողիկե եպիսկոպոսների հետ, կմասնակցի Ս. Պատարագի արարողությանը և էկումենիկ ճաշկերույթի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների, Հայ Կաթողիկե արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների ու պապական պատվիրակության հետ: Ապա Ֆրանցիսկոս Պապը հանդիպում կունենա Հայ Եկեղեցու պատվիրակների և բարերարների հետ: Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսը կստորագրեն համատեղ հայտարարություն: Հովվապետերը նաև աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում: Նույն օրը Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Երևանից կմեկնի Հռոմ: