
ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում քննչական խմբի կողմից հունիսի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են մի շարք դատավարական գործողություններ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցնի ԼՂՀ ոստիկանությունից, Միքայել Միքայելի Սահակյանին և Սերգեյ Գեորգիի Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման համար; հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության կատարման ժամանակ օգտագործված տրանսպորտային միջոցը, ինչպես նաև հանցանքի կատարման պահին մեղադրյալների հագին եղած հագուստը, (համազգեստը); նշանակվել են մի շարք փորձաքննություններ; կատարվել են վկաների, ինչպես նաև տուժողի լրացուցիչ հարցաքննություններ: 2016թ. հունիսի 12-ի ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ` բավարարվել է մեղադրյալներ Ս.Գ.Ավանեսյանի և Մ.Մ.Սահակյանի նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Հայկ Խանումյանին առևանգելու փաստի առթիվ ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից տարված քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 9-ին մեղայականով ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտի վարչություն էին ներկայացել աշխարհազորայիններ, 1977թ. ծնված Միքայել Միքայելի Սահակյանը և 1968թ. ծնված Սերգեյ Գեորգիի Ավանեսյանը, նրանք ձերբակալվել էին։ Ավելի վաղ ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում ԼՂՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի /մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով մարդուն առևանգելը/ հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել է Դիաննա Մովսիսյանի հաղորդման հիման վրա` առ այն, որ հունիսի 6-ին, ժամը 12:00-ի սահմաններում, անհայտ անձինք առևանգել և բռնության էին ենթարկել իր ամուսնուն` ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին: Հիշեցնենք նաև, որ ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության առաջնորդ, ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի կողմնակից Հայկ Խանումյանը հայտարարել էր, որ դեմքով ճանաչում է իրեն առևանգած և իր նկատմամբ բռնություն կիրառած անձանցից յոթին: «Ես բավականաչափ շփվել եմ թե գողականների, թե քարշ եկել դատարաններում` գլխիս սարքած գործերի գծով: Եղել եմ նաև խուլիգանների հարձակման թիրախ բազմաթիվ անգամ: Բայց առաջին անգամ եմ առնչվում բեսպրեդելի հետ», - հունիսի 6-ին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայկ Խանումյանը: