
Հունիսի 5-ին պաշտոնական այցով Թեհրան մեկնած Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Հասան Ռոհանին գոհունակությամբ նշել է, որ Հայաստանն ու Իրանը ունեն ամուր և կայուն բարեկամական հարաբերություններ և կարևորել է դրանց առավել ամրապնդումն ու խորացումը։ Նա հավելել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռք բերումից և պատժամիջոցների վերացումից հետո լավ հնարավորություն է ստեղծվել` բոլոր ոլորտներում զարգացնելու երկկողմ առևտրատնտեսական կապերը, և հարկավոր է գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ Էդվարդ Նալբանդյանը Իրանի նախագահ Հասան Ռոհանիին փոխանցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը և ջերմ ողջույնները: Իրանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը անդրադարձել են երկու երկրների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների և համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքին, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքներին։
Հասան Ռոհանին նշել է, որ, թեև երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներում գրանցվել է առաջընթաց, փոխգործակցության մեծ ներուժ է առկա, որը պետք է համատեղ ուժերով կյանքի կոչել։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը լրացուցիչ խթան կհանդիսանա բարեկամ ժողովուրդների, հատկապես գործարար շրջանակների միջև կապերի ակտիվացմանը և զբոսաշրջության զարգացմանը։
Նախարար Նալբանդյանն անդրադարձել է կյանքի կոչված և իրականացվող համատեղ տնտեսական ծրագրերին և շեշտել Հայաստանի պատրաստակամությունը` նոր առավել հավակնոտ նախագծեր մշակել և իրագործել, ինչպես ի շահ երկու հարևան երկրների տնտեսական զարգացման, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության։ Այս առումով կարևորվել է թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերով փոխգործակցությունը։
Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերը, մայիսին Վիեննայում կայացած գագաթաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված ջանքերը: Այս համատեքստում նախագահ Ռոհանին ընդգծել է, որ Իրանը մշտապես սատարել է տարածաշրջանում անվտանգության, կայունության և խաղաղության ապահովումը` առկա խնդիրների խաղաղ կարգավորման ուղղությամբ, և վերահաստատել է, որ իր երկիրը սատարում է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հագուցալուծումը։ Նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Իրանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները հաղորդել Հայաստանի Հանրապետության նախագահին և նշել, որ մտադիր է մոտ ժամանակներս այցելել Հայաստան: