
Հուսով եմ, որ Ադրբեջանում ՄԱԿ-ի ֆորումի մասնակիցներն իրենց մեջ համարձակություն կգտնեն քննադատելու այդ երկրի կողմից իրականացվող ատելության և բարբարոսության քաղաքականությունը: Այդ մասին ապրիլի 22-ին Երևանում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:
ՙՖորումը կոչված է պաշտպանելու համամարդկային և քաղաքակրթական բարձր արժեքներ: Անցկացնել նման ֆորում երկրում, որտեղ այդ արժեքները կոպտորեն ոռնահարվում ու անտեսվում են, ճիշտ չենք համարում: Ինչպե՞ս
կարող է Հայաստանը մասնակցել այդ միջոցառմանը՚,- հայտարարել է Նալբանդյանը՝ նշելով, որ մի շարք երկրներ և կառույցներ նվազեցրել են այդ ֆորումին իրենց մասնակցության մակարդակը:
Ըստ որում, նա հույս է հայտնել, որ միջոցառմանը մասնակցող երկրներն իրենց մեջ համարձակություն կգտնեն քննադատելու Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող հայատյացության քաղաքականությունը և բարբարոսությունները, որոնք տեղի ունեցան ֆորումի անցկացման վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա ՚,-հայտարարել է Նալբանդյանը:
Նշենք, որ ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումը տեղի կունենա ապրիլի 25-27-ը Բաքվում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը, որը ծրագրում էր մասնակցել այդ ֆորումին, անսպասելիորեն հետաձգել է Հարավային Կովկասի տարածաշրջան այցը: Ավելի վաղ Հայաստանը հանդես է եկել Բաքվում նախատեսվող ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումի անցկացման կապակցությամբ հայտարարությամբ: ՙ2016թ. ապրիլի 2-ի վաղ ժամերին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծեց լայնածավալ հարձակողական գործողություններ՝ այսպիսով խախտելով Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրված` 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերը: Ադրբեջանը խախտեց միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ԵԱՀԿ գագաթաժողովներին և նախարարական հանդիպումներին ընդունված որոշումները և հայտարարությունները՚,- ասվում է հայտարարության մեջ: Այնուհետև ՀՀ ԱԳՆ-ը հիշեցնում է Ադրբեջանի զինված ուժերի բարբարոսական գործողությունների, երեք տարեց անձանց սպանության, հայ զինվորների գլխատման մասին: ՙԱդրբեջանի՝ քաղաքակիրթ աշխարհի տարրական նորմերի սահմաններն անցնող բարբարոսական այս գործողությունները ուղղակիրոեն ոտնահարում են միջազգային հիմնարար փաստաթղթերը, այդ թվում՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիան, Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան և այլն: Այս համատեքստում հարկավոր է հատուկ շեշտել Ադրբեջանի կողմից՝ ինչպես 1949թ. Ժնևյան կոնվենցիաների, որոնք, ի թիվս այլոց, վերաբերում են խոցելի խմբերին, ինչպիսիք են երեխաները, կանայք և տարեց անձիք, այնպես էլ՝ այդ կոնվենցիաների 1977թ., 1989թ. լրացուցիչ արձանագրությունների ոտնահարումը:
Ստեղծված զարհուրելի իրավիճակում պետք է չեղարկվեր Յոթերորդ ֆորումի գումարումն Ադրբեջանում` մի երկրում, որը կոպտորեն խախտում է հենց Քաղաքակրթությունների դաշինքի նպատակները, սկզբունքներն ու արժեքահամակարգը՚,-նշվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: