


Բելառուսի կողմից ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկին ռազմական աջակցության վերաբերյալ որոշ ԶԼՄ -ներում տեղ գտած հայտարարություններն անհիմն լուրեր են: Այդ մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղարի վարչության պետ Դմիտրի Միռոնչիկը:
«Բելառուսը միշտ պատրաստ է աջակցել բանակցությունների սեղանի շուրջ հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը: Ռազմական կարգավորման կամ ռազմական օգնության մասին խոսք անգամ լինել չի կարող», - նշել է Միռոնչիկը:
Նա վերահաստատել է Բելառուսի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրման առնչությամբ: «Հիմնական դիրքորոշումը, որից ելնում է բելառուսական կողմը, հստակ կոչն է` ձեռնպահ մնալ ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումից միջազգային հարաբերություններում, ինչպես ամրագրված է ՄԱԿ կանոնադրությունում և այլ միջազգային-իրավական հեղինակավոր փաստաթղթերում: Առաջվա նման համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով և միայն` միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ստացած սկազբունքներին համապատասխան», - հայտարարել է վարչության պետը:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Բելառուսի ԱԳՆ հայտարարություն էր տարածել, որում մտահոգություն էր հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում սպառազինության ծանր տեսակների կիրառմամբ ակտիվ մարտական գործողությունների վերսկսման առնչությամբ և հակամարտող կողմերին կոչ էր արել դադարեցնել կրակը և վերադառնալ բանակցություհնների սեղանի շուրջ: Հայտարարթյունում նաև նշվում էր հակամարտությունը պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ապահովման, ինչպես նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի և ԵԱՀԿ որոշումների հիման վրա կարգավորելու օգտին: Այդ հայտարարության առնչությամբ Հայաստանի ԱԳՆ էր կանչվել Երևանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը:



