


Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հայեցակարգային հարցեր:
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, անդրադարձ է կատարվել Սահմանապահ ծառայության գործունեությանը, հաշվի առնելով միջազգային փորձը՝ վերջնիս կարողությունների հետագա զարգացմանը, ֆիզիկական ենթակառուցվածքներին, օպերատիվ կառավարմանը և այլն: Ներկայացվել են նաև սահմանների համալիր կառավարման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումները:
Վարչապետը կարևորել է վերոնշյալ ուղղություններով աշխատանքները և պատասխանատուներին հանձնարարել շարունակել քննարկումները՝ առավելագույնս արդյունավետ որոշումներ կայացնելու նպատակով:
Այսօր ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, որ առաջիկա տարիներին երկիրն ամբողջությամբ իր վրա կվերցնի պետական սահմանների պահպանությունը, իսկ Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայությունը կդադարեցնի աշխատանքնը երկրի տարածքում: Հայաստանի սահմաններին գործող բոլոր անցակետերն արդեն վերահսկվում են բացառապես հայ սահմանապահների կողմից։ Ռուս սահմանապահներն ավելի վաղ լքել էին "Զվարթնոց" օդանավակայանը (2024թ.), ինչպես նաև Իրանի հետ սահմանին գտնվող "Ագարակ" և Թուրքիայի հետ սահմանին գտնվող "Մարգարա" անցակետերը (2025թ. սկիզբ): Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին անցակետից դուրս գտնվող հատվածները պարեկվում են համատեղ կամ ռուսական կողմի մասնակցությամբ՝ 1992 թվականի պայմանագրի հիման վրա։ Փաշինյանը ռուս սահմանապահների ամբողջական դուրսբերման հստակ ժամանակացույց չի ներկայացրել՝ նշելով լիազորությունների փուլային անցումն ու հայկական սահմանապահ ծառայության բարեփոխումը։


