
Արմինֆո. Մի խումբ արցախցիներ բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի կառավարության շենքի դիմաց. Լրագրողների հետ զրույցում "Վերածնվող Արցախ" հասարակական կազմակերպության նախագահ Անաստաս Իսրայելյանը պատմել է, որ ակցիայի մասնակիցները դեմ են "Ադրբեջան" նշմանն արցախցիների անձնագրերի "ծննդավայր" դաշտում:
"Արցախի հայկական ինքնության պահպանումը հարց է, որը վերաբերում է ողջ հայ ժողովրդին։ Այս հողի վրա ապրող մարդու անձնագրում չպետք է գրված լինի "Ադրբեջան": Մենք երբեք չենք ապրել ադրբեջանական հողում։ Այստեղ է, որ մենք խնդիր ենք տեսնում: Հարցն այն է, թե ինչպես հասանք այն բանին, որ հարյուրամյա պատմություն չունեցող երկիրը պետք է պայմաններ թելադրի հազարամյա պատմություն ունեցող պետությանը", - ընդգծել է Իսրայելյանը։
Նա համոզմունք է հայտնել, որ այդպիսով Հայաստանի իշխանությունն ամեն կերպ փորձում է թաքցնել Արցախի ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործության հետքերը և փորձում է հնարավորինս արագ փակել այդ հարցը: Միևնույն ժամանակ, Իսրայելյանն ընդգծել է, որ հասարակության լռությունը հավասարազոր կլինի մեղսակցության:
Նշենք, որ նույն ժամանակ ևս մեկ բողոքի ակցիա է տեղի ունենցել կառավարության շենքի դիմաց։ Այնտեղ էին հավաքվել բանակում ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների ծնողները։ Ցուցարարների խոսքով ՝ իրենց որդիների մահվան հանգամանքները մինչ օրս պատշաճ կերպով չեն քննվել, իսկ կատարվածի համար պատասխանատուներն այդպես էլ պատիժ չեն կրել: Ինչպես պատմել է ակցիայի մասնակիցներից մեկը, իրենք համոզված են, որ իրենց երեխաներին սպանել են, սակայն դրա փոխարեն շարունակում են հայտարարել, որ զինծառայողներն ինքնասպանություն են գործել: Նրանք պահանջում են պարզել իրենց որդիների մահվան իրական հանգամանքները և մեղավորներին պատասխանատվության ենթարկել։
Կառավարության շենքի մոտ ինչ-որ պահի իրավիճակը լարվել է, և քաղաքացիները փորձել են մուտք գործել շենք, սակայն տեղում հերթապահող իրավապահները նրանց թույլ չեն տվել դա անել: Ավելին, լրագրողները կառավարության շենքից դուրս եկող Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանին խնդրել են մեկնաբանել արցախցիների պահանջը, ինչին ի պատասխան, վերջինս, մասնավորապես, ասել է. "Իսկ որտե՞ղ են նրանք ծնվել։ Երբ են նրանք ծնվել, միթե՞ Արցախը եղել է։ Կարևոր չէ, որ նրանք այնտեղ էին ապրում։ Ես ապրել եմ Ռուսաստանում, Ֆրանսիայում, եւ՝ ինչ. Եթե մարդիկ այնտեղ են ծնվել (Սիմոնյանի կարծիքով ՝ Ադրբեջանում - խմբ.), ապա ի՞նչ պետք է այնտեղ գրվի։ Արցախի Հանրապետությունը նրանք լուծարել են։ Բացի այդ, նրանք չեն ծնվել այն ժամանակ, երբ դա Արցախն էր", - հայտարարել Է Սիմոնյանը, նշելով, որ այս ամենը ոչ այլ ինչ է, քան հույզերի վրա խաղալու նոր միջոց։
Ի պատասխան՝ բողոքի ակցիայի մասնակիցները սկսել են բղավել․ "Մենք այստեղ ենք, որովհետև դուք մեզ դավաճանել եք", Արցախը Հայաստան է և վերջ":
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հանդես էր եկել հայտարարությամբ, պարզաբանելով, թե ինչու է բռնի տեղահանված արցախցիների նոր կենսաչափական փաստաթղթերում "ծննդավայր" դաշտում նշված "Ադրբեջան": Այնտեղ հաղորդել են, որ նման նշումն, իբր, նախատեսված է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) 9303 եւ Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO) 3166 չափորոշիչներով։ "Արցախ" միությունը դատապարտել է ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության այդ պարզաբանումը, նկատելով, որ ոչ ICAO-ն, ոչ ISO-ն չեն պարտավորեցնում արցախցիների անձնագրերում նշել "Ադրբեջան": Կազմակերպությունում համոզմունք են հայտնել, որ միջազգային չափանիշներին և դատական ակտերին հակասող այդ պահանջը պայմանավորված է բացառապես Հայաստանի իշխանությունների քաղաքական որոշմամբ և հանրապետության նոր օրենքով, որը հնարավոր է և անհրաժեշտ է փոխել:
Նշենք, որ, օրինակ, Ռուսաստանի Դաշնության կողմից տրված կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է բառացիորեն ՝ ծննդյան վկայականի տվյալներին համապատասխան։ Եթե քաղաքացին ծնվել է պայմանականորեն Խորհրդային Հայաստանում, այնտեղ նշվում է Հայկական ԽՍՀ-ն, իսկ անգլերեն՝ բացառապես USSR, այլ ոչ թե` Հայաստան: Եվ այսպես շարունակ ՝ անալոգիայով: Ավելին, նախկինում Արցախի քաղաքացիները 30 տարի առանց խնդիրների ճամփորդել են, ձեռքներին ունենալով անձնագիր՝ ծննդավայրը Լեռնային Ղարաբաղ նշումով։