
ԱրմԻնֆո. ժողովրդագրության բանալին երրորդ երեխան է։ Բայց երրորդը ծնվում է միայն այնտեղ, որտեղ վստահությամբ ծնվել են առաջինն ու երկրորդը։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Ամերիա» ընկերության գործընկեր, կառավարչական խորհրդատվական ծառայության ղեկավար, հայտնի տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը:
Նա նշել է, որ հենց երրորդ երեխայի հետ է ընտանիքն ամենից հաճախ հայտնվում աղքատության գծից ներքև։ Ջրբաշյանի հավաստմամբ՝ երեք և ավելի փոքր երեխա ունեցող ընտանիքների 43%-ն աղքատ է՝ գրեթե երկու անգամ ավելի, քան երկրում միջինը։ Այդ առումով նա ընդգծել է, որ միանվագ վճարը այս խնդիրը չի լուծի, երրորդ երեխային համակարգ է պետք։
«Երեխա ունենալու որոշումը կայացվում է, երբ ընտանիքը վստահ է ամբողջ շղթային․ ֆինանսական աջակցություն՝ ոչ միանվագ, այլ տարիներ շարունակ, և որքան շատ երեխա, այնքան ավելի մեծ; արձակուրդ, որը մայրն ու հայրը կարող են կիսել՝ առանց աշխատանքը կորցնելու վախի; երեխայի խնամքի ծառայություններ՝ մսուր, մանկապարտեզ, դայակ՝ տան մոտ և մատչելի; գործատու, որի համար աշխատակցուհու երրորդ երեխան նորմ է, ոչ թե խնդիր; բնակարան, որտեղ տեղ կա ևս մեկ մահճակալի համար; դպրոց և բժիշկ, որոնք հասանելի են յուրաքանչյուր երեխայի, ոչ միայն նրանց, ում ծնողները կարող են վճարել; և գլխավորը՝ վստահություն, որ այդ երեխայի ապագան այստեղ է՝ Հայաստանում։
Մի օղակ դուրս ընկնի՝ և ոչ մի վճար այն չի փոխարինի», - ասել է փորձագետը։
Այդ առնչությամբ նա ընդգծել է, որ Ռազմավարության մեջ փողը ծննդյան նվեր չէ, այլ համակարգի օղակներից մեկը, եը նպատակը միայն ծնունդների թիվը չէ։ Ջրբաշյանի համոզմամբ՝ երեխա ունեցող ընտանիքը պետք է ապրի ոչ թե ավելի աղքատ, այլ ավելի բարեկեցիկ, քան առանց երեխայի ընտանիքը, և հնարավորություն ունենա ներդնելու յուրաքանչյուր երեխայի կրթության ու առողջության մեջ։ «Այլապես ծնելիության գինը կվճարի հենց երեխաների ապագան։Սա ավելի ձանձրալի է, քան եթերում հնչող գեղեցիկ բաղադրատոմսը։ Բայց այլ ճանապարհ չկա։ Կախարդական կոճակ չկա։ Կա աշխատանք՝ համակարգային աշխատանք», - ասել է նա։
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2026թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում ծնվել է 22 759 երեխա, ինչը 3,8%-ով ցածր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից (մեկ տարի առաջվա 5% անկման դիմաց)։ 1000 բնակչի հաշվով ծնելիության գործակիցը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 9,8 պրոմիլ՝ 2025թ. նույն ժամանակահատվածի 10,3 պրոմիլի դիմաց։