
Արմինֆո.Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է նոյեմբերի 19-ին ճեպազրույցի ժամանակ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի վիրավորական արտահայտություններին:
Ջեբեջյանը վարչապետին հարցրել էր, թե ինչու է նա ատում իր քաղաքական ընդդիմախոսներին և նրանց մահ մաղթում՝ Փաշինյանին հիշեցնելով Արցախյան պատերազմի բազմաթիվ զոհերի մասին։ Այդ առումով նա հարցրել էր, թե արդյոք այդ զոհերը բավարար չեն։ Ինչին ի պատասխան՝ Հայաստանի վարչապետն իրեն թույլ էր տվել լրագրողի հասցեին վիրավորական արտահայտություն, մասնավորապես, նրան անվանել էր "նողկալի": Ընդ որում, Փաշինյանը դրանով չէր սահմանափակվել և լրագրողին մեղադրել էր պատերազմի զոհերի թեման "մանրադրամի վերածելու" համար։ Այն բանից հետո, երբ լրագրողը հայտարարել էր, որ դիմելու է դատարան, Փաշինյանը պատասխանել էր, որ "առիթ կգտնի՝ ինքը նրա դեմ դատարան դիմելու":
Հայաստանի առաջին նախագահը նշել է, որ մեծ գոհունակությամբ է ծանոթացել Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) հայտարարությանը՝ կապված Նիկոլ Փաշինյանի հայհոյախոսության հետ:
"Հայաստանի ոչ մի ղեկավար երբեք իրեն թույլ չի տվել նման գռեհիկ պահվածքով հայտնվել ժողովրդի առջեւ։ Ահա նրա ստեղծած Հայաստանի իրական պատկերը։ Հուսով եմ, որ մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին հետևող միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պատշաճ կգնահատեն այդ հայտարարությունը և աչք չեն փակի Փաշինյանի վարքագծի վրա, որը խախտում է Հայաստանի ժողովրդավարական պարտավորությունները: Սրտանց շնորհավորում եմ Ժուռնալիստների միությանը նման հիմնավորված հայտարարություն հրապարակելու առնչակցությամբ", - նշել է Տեր-Պետրոսյանը՝ Facebook-ի իր էջի հրապարակման մեջ:
Նշենք, որ լրագրողի հասցեին Փաշինյանի հարձակումներին արձագանքել էին ՀԺՄ-ում, հայտարարելով, որ, փաստորեն, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն իրեն սանձարձակ է պահում քաղաքական ընդդիմախոսների, իրեն քննադատող քաղաքացիների նկատմամբ, անընդհատ վիրավորում, սպառնում և նվաստացնում է նրանց, այլև վաղուց հետապնդում է զանգվածային լրատվամիջոցներին և լրագրողներին, որոնք անվերապահորեն չեն կիսում իր տեսակետը և անհարմար հարցեր են տալիս իրեն: ՀԺՄ-ում կոչ են արել Հայաստանի իշխանություններին անհապաղ դադարեցնել լրագրողների նկատմամբ թշնամական հռետորաբանությունը, զերծ մնալ նրանց մասնագիտական գործունեությունը վարկաբեկելու և ահաբեկելու փորձերից և գիտակցել, որ լրագրողի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը ոչ միայն լրագրողի խնդիրն է, այլև՝ ոտնձգություն խոսքի ազատության և ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքների նկատմամբ: ՀԺՄ-ը նաև պահանջել է միջազգային մասնագիտացված կազմակերպություններից արձագանքել իրավիճակին։