


ԱրմԻնֆո. Կենսաթոշակառուների ծախսերի մասնակի վերադարձի ծրագիրը կարող է երկարաձգվել երեք տարով։ Այդ մասին գրում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը։
Նրա խոսքով՝ կառավարության որոշման նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման։ Ներկայում ծրագիրն աշխատում է բնականոն ռեժիմով, փոխանցումներում համակարգային որևէ խնդիր կամ ուշացում չկա։ "Ավելին, ամեն ամիս մենք արձանագրում ենք ծրագրից օգտվողների թվի և վերադարձի միջին չափի աճ։ Վերջին տվյալներով՝ ծրագրից օգտվել է 578 331 կենսաթոշակառու։ Հունվարին նրանց թիվը 415 228 էր։ 10 ամսվա ընթացքում ծրագրից օգտվողների թիվն ավելացել է 163 000-ով կամ 39 տոկոսով", - նշել է Նվեր Կոստանյանը։
Նա հավելել է, որ նախորդ ամսվա հասույթից ձևավորված վերադարձը փոխանցվում է հաջորդ ամսվա 20-ից հետո, սակայն այս ամիս փոխանցումն ավելի վաղ է սկսվել։ Վերադարձի ծրագրի պայմաններում փոփոխություններ չեն եղել. նպաստառուները ստանում են անկանխիկ գործարքների գումարի 20 տոկոսի չափով փոխհատուցում՝ բանկային քարտերի միջոցով կատարված գործարքների համար, մինչև 10 000 դրամի չափով։
Հիշեցնենք, որ անկանխիկ վճարման դեպքում կենսաթոշակառուներին վերադարձվում է գնումների գումարի 20 տոկոսը, իսկ ArCa քարտերից օգտվելու դեպքում՝ մինչև 22%-ը։ Քեշբեքի առավելագույն չափը ամսական կազմում է 10 հազար դրամ։ Ծրագիրը չի տարածվում կոմունալ վճարումների վրա։ ArCa քարտերի մյուս բոլոր կրողների համար քեշբեքը կազմում է գնումների գումարի 2 տոկոսը և չի կարող ամսական գերազանցել 60 հազար դրամը։ Ծրագրի իրականացման համար 2026 թվականին կուղղվի մոտ 60 մլրդ դրամ։


