


ԱրմԻնֆո. Երևանում անցկացվող «Անհայտ կորածների ճակատագիրը. հումանիտար երկխոսություն և համագործակցություն» միջազգային համաժողովում «Անհայտ կորածների վերաբերյալ գործերի իրավական կարգավորումը» թեմայով պանելային քննարկման շրջանակներում արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը ներկայացրել է անհայտ կորած անձանց իրավունքների պաշտպանության համար ազգային օրենսդրությամբ նախատեսված մեխանիզմները։
Ինչպես հայտնում է Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը, նախարարի տեղակալը հիշատակել է «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքը, որն ուժի մեջ է մտել 2026 թվականի մայիսին՝ ընդգծելով անհայտ կորած անձանց իրավունքների երաշխավորումը, նրանց ճակատագիրը և գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ պետության պարտականությունները, ինչպես նաև ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության իրավունքներն ու երաշխիքները։
Աննա Կարապետյանն ընդգծել է անհայտ կորած անձանց միասնական ռեեստրի ձևավորման և վարման, պետական մարմինների միջև արդյունավետ համագործակցության, նույնականացման գործընթացների և ընտանիքներին հավաստի տեղեկատվության տրամադրման կարևորությունը՝ անձնական տվյալների պաշտպանության պահանջների պահպանմամբ։
Նախարարի տեղակալը նաև նշել է, որ օրենքի արդյունավետ կիրառումը պետք է նպաստի անհայտ կորած անձանց ճակատագրի պարզմանը, նրանց արժանապատվության և ընտանիքների իրավունքների պաշտպանությանը։


