


ԱրմԻնֆո. Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանը նոյեմբերի 19-ին հանդիպել է Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ, հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթա Դատտային։
ԱԺ հաղորդագրության համաձայն, հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ ԱՀԿ-ի մասնագիտական խորհրդատվությունները չափազանց կարևոր են համաշխարհային բժշկության զարգացումներին համընթաց քայլելու տեսանկյունից ու փաստել՝ ԱՀԿ-ի հետ ձևավորված տևական համագործակցությունն ավելի է սերտանում։ Ոլորտում առկա մարտահրավերների շարքում Լուսինե Բադալյանն առանձնացրել է հոգեկան առողջության ոլորտի խնդիրները՝ այս համատեքստում կարևորելով ԱՀԿ-ի հետագա աջակցությունը միջազգայնորեն ընդունված օրենքներն ու մասնագիտական մեթոդները տեղայնացնելու գործում։
Հանձնաժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն ԱՀԿ չափորոշիչներին ու կանոնակարգերին համապատասխանող բարեփոխումներ իրականացնելու հարցում շարունակական օժանդակության համար՝ շեշտելով, որ դրանք հնարավոր չէր լինի կյանքի կոչել առանց ԱՀԿ-ի հետ արդյունավետ գործակցության։
Քննարկումների առանցքում են եղել մեր երկրում իրականացված ոլորտային բարեփոխումները, մասնավորապես՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդնումն ու հանրային վայրերում և փակ տարածքներում ծխախոտի օգտագործման արգելքի սահմանումը։ Անդրադարձ է եղել առողջապահության ոլորտում համագործակցության հնարավորություններին, բնագավառում մեր երկրում առկա խնդիրներին, կանխարգելիչ բժշկության կարևորությանը, հոգեկան առողջության ոլորտում գործակցության հնարավորություններին ու մեխանիզմներին և այլ հարցերի։


