
ԱրմԻնֆո. Աթենքի աշխարհահռչակ Ակրոպոլիսի թանգարանում նոյեմբերի 20-ին կբացվի «Հին Հայաստան» խորագրով լայնածավալ միջազգային ցուցահանդեսը։
Ինչպես ԱրմԻնֆոյին հայտնել են Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) մամուլի ծառայությունից, սա կարևոր իրադարձություն է Հայաստանի պատմամշակութային ժառանգության միջազգային ներկայացման և հայ-հունական մշակութային երկխոսության խորացման տեսանկյունից։ Ցուցահանդեսում կներկայացվի Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ավելի քան 170 եզակի ցուցանմուշ, որոնց կլրացնեն Հունաստանի և Կիպրոսի տարբեր թանգարանների տրամադրած շուրջ 30 առարկաները։
«Այսպիսով, մեկ ցուցասրահում կմիավորվեն հին աշխարհի ժառանգությունը ներկայացնող մշակութային արժեքներ, ինչը հնարավորություն կտա բացահայտել դրանց միջև առկա պատմական և մշակութային փոխկապակցվածությունները»,- հայտնել են ԿԳՄՍՆ-ում։
Նախարարությունում միաժամանակ ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ նախաքրիստոնեական Հին Հայաստանի մշակութային ժառանգությունն առաջին անգամ է Հունաստանում ներկայացվում նման լայն մասշտաբով։ Աղբյուրի համաձայն՝ առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ուրարտական ժամանակաշրջանին, ինչպես նաև հին հունական և միջերկրածովյան քաղաքակրթությունների հետ դրա կապերին ու փոխազդեցությանը։
«Այցելուները կկարողանան ծանոթանալ առևտրային և հաղորդակցական բարդ երթուղիներին, որոնք Հայկական լեռնաշխարհը կապում էին Մերձավոր Արևելքի, Արևելյան Միջերկրականի, Կիպրոսի, Էգեյան ծովի ավազանի և Կրետեի հետ։ Ցուցանմուշների միջոցով կներկայացվեն նաև այս տարածաշրջանների միջև ձևավորված մշակութային շփումների, փոխանակման և փոխազդեցության բազմաշերտ ցանցերը։ Դրանք վկայում են Հին աշխարհի քաղաքակրթական գործընթացներում Հայաստանի ակտիվ ներգրավվածության, ինչպես նաև այդ դարաշրջանի մտավոր և գեղարվեստական փոխազդեցություններին նրա անմիջական մասնակցության մասին»,- նշել են գերատեսչությունում։
Աղբյուրի համաձայն՝ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված ցուցանմուշներն ընդգրկում են լայն ժամանակագրական ժամանակաշրջան՝ նեոլիթի դարաշրջանից մինչև վաղ քրիստոնեական ժամանակաշրջանը՝ ներկայացնելով Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային զարգացման առանցքային փուլերը։ Ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի մինչև 2027 թվականի փետրվարի 28-ը։