
ԱրմԻնֆո. Քաղաքապետարանը մտադիր է ավտոմեքենաների նկատմամբ տարբերակված մոտեցում կիրառել՝ ճանապարհային երթևեկությունը թեթևացնելու համար։ Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանի հաղորդման ժամանակ, հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նշել է, որ Երևանում միջին արագությունը նվազում է, իսկ ճանապարհների ծանրաբեռնվածությունը պայմանավորված է ոչ թե նոր շենքերի կառուցմամբ կամ ճանապարհային ենթակառուցվածքի վիճակով, այլ առաջին հերթին քաղաքում ավտոմեքենաների թվի ավելացմամբ։ Եվ այս միտումը, քաղաքապետի խոսքով, կայուն բնույթ է կրում։
Այս կապակցությամբ մոտ ժամանակներս հանրային քննարկման կներկայացվի օրենսդրական նոր նախաձեռնություն՝ առանձին կատեգորիայի ավտոմեքենաների համար քաղաքի որոշակի շրջաններ մուտքը սահմանափակելու վերաբերյալ։ Միջազգային փորձին հղում անելով՝ Ավինյանը նշել է, որ ավտոմեքենաների դասակարգումն իրականացվելու է՝ հաշվի առնելով մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի ծավալը։ Այս համատեքստում քաղաքապետը նշել է, որ Երևանում ամենևին էլ բարենպաստ չէ NO2-ի (ազոտի երկօքսիդի) արտանետումների հետ կապված իրավիճակը, որոնց աղբյուրներից են, մասնավորապես, ավտոմեքենաները։
Նոր կարգավորումները նախատեսում են քաղաքի որոշակի շրջաններ Եվրո-4 ստանդարտին համապատասխանող ավտոմեքենաների մուտքի թույլտվություն (բնապահպանական ստանդարտ, որը սահմանում է ավտոմեքենաների արտանետվող գազերում վնասակար նյութերի պարունակության թույլատրելի առավելագույն մակարդակները)։ Այլ տրանսպորտային միջոցների նկատմամբ կգործեն լրացուցիչ սահմանափակումներ։ <Սա ընտրովի մոտեցում է, որի համաձայն՝ ավտոմեքենաները դասակարգվելու են ըստ արտանետումների ծավալի։ Այլ մեքենաների համար քաղաքի կոնկրետ հատված շտապ մուտք գործելու դեպքում կգործեն որոշակի կանոններ։ Այսինքն՝ դա կարող է ենթադրել լրացուցիչ ֆինանսական բեռ>, - պարզաբանել է Ավինյանը։
Հարցազրուցավարի այն դիտարկմանը, որ այսպիսով քաղաքապետարանը փաստացիորեն հասարակությունը բաժանում է հարուստների, որոնք ունեն բոլոր չափանիշներին համապատասխանող նոր մեքենաներ, և աղքատների, որոնք, օրինակ, Opel մակնիշի մեքենաների վարորդներ են, քաղաքապետը հակադարձել է։ Նա վստահեցրել է, որ կան ապահովված մարդիկ, որոնց մեքենաները մեծ ծավալի վնասակար արտանետումներ են առաջացնում մթնոլորտ։ Միաժամանակ Ավինյանը նշել է, որ կան մատչելի գներով էլեկտրամեքենաներ, որոնք համապատասխանում են Եվրո-4 ստանդարտին։ Նա ընդգծել է, որ այս հարցը սոցիալական բնույթ չի կրում, այլ անմիջականորեն կապված է առողջապահության հետ։
<Քաղաքում մեքենաների թիվը չպետք է ավելանա, այլ, ընդհակառակը, պետք է կրճատվի։ Դրան զուգահեռ պետք է պատշաճ կերպով կազմակերպվի հասարակական տրանսպորտի աշխատանքը>, - ասել է Ավինյանը՝ հայտնելով, որ այս նախագիծը 2 շաբաթ անց կներկայացվի հանրային քննարկման և կընդունվի՝ հաշվի առնելով քաղաքացիների կարծիքը։