


Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միությունը պատրաստվում է արտակարգ իրավիճակների:
ՙՀարգելի հայրենակիցներ, կոչով դիմում ենք Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության տարածքային բոլոր ստորաբաժանումներին.
- հաշվի առնելով Ադրբեջանի սանձարձակ գործողությունները Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի ողջ երկայնքով, անհրաժեշտ է հաշվառել և իմի բերել անդամների ստույգ քանակը և բերել բարձր մարտական պատրաստականության,
- պարբերաբար կապ հաստատել և զեկուցել կենտրոնական գրասենյակ՝ ք. Երեւան, Մոսկովյան 5,
- պատրաստ լինել առաջին իսկ կանչով և հավաքվել կենտրոնական գրասենյակում՝ իրենց հետ ունենալով առաջին իսկ անհրաժեշտության պարագաներ և 3 օրվա սնունդ՚,- ասվումէ ՄՀՆՋ վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանի հայտարարության մեջ:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Այժմ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ռազմական բախումները: Հայկական ուժերը խփել են 2 ադրբեջանական ուղղաթիռ, 2 անօդաչու թռչող սարք, շարքից հանել 3 տանկ: Հակառակորդը կենդանի ուժի լուրջ կորուստներ ունի:



