


ԱրմԻնֆո. Նոյեմբերի 18-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը հանդիպել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենի հետ (նստավայրը՝ Հելսինկի, Ֆինլանդիա):
Ըստ Ազգային ժողովի մամուլի ծառայության՝ ողջունելով դեսպանին, Վիլեն Գաբրիելյանը բարձր է գնահատել Ֆինլանդիայի հետ երկարատև համագործակցության խորացումը և միջխորհրդարանական կապերի զարգացումը:
Խոսելով վերջին տարիներին այս ոլորտում իրականացված բարեփոխումների մասին՝ հանձնաժողովի նախագահը, մասնավորապես, ընդգծել է Հայաստանում համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգի ներդրման անհրաժեշտությունը: Վիլեն Գաբրիելյանի խոսքով՝ Հայաստանն ու Ֆինլանդիան շատ ընդհանրություններ ունեն, ուստի կարևոր է ուսումնասիրել Ֆինլանդիայի փորձը՝ որպես նմանատիպ համակարգ ունեցող երկիր:
Դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցել վերոնշյալ համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանում քաղաքացիական պաշտպանության ոլորտում առկա թերություններին: Այս համատեքստում քննարկվել է նաև օրենսդրական լուծումների անհրաժեշտությունը:


