
ԱրմԻնֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 1990-2026 թվականներին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կողմից անհայտ կորած է համարվում ավելի քան 1000 անձ։ Այս մասին ասվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հաղորդագրության մեջ։
Կազմակերպությունը տվյալները ներկայացրել է անհայտ կորած անձանց նվիրված միջազգային համաժողովի նախաշեմին, որը տեղի կունենա
Երևանում՝ նոյեմբերի 19-20-ը։ ԿԽՄԿ-ն ամփոփել է 2020-2026 թվականներին իրականացված միջոցառումները, այդ թվում՝ 1990-ական և 2020-ական թվականներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքներին ցուցաբերված աջակցությունը, ինչպես նաև համապատասխան պետական մարմինների հետ իրականացված աշխատանքը։
Կազմակերպությունում հիշեցրել են, որ իր մանդատին համապատասխան՝ ԿԽՄԿ-ն օգնություն է ցուցաբերում հակամարտության կողմերին՝ օգտագործելով իր փորձը և հանդես գալով որպես չեզոք միջնորդ։ Նշվում է նաև, որ 1990-ական թվականների սկզբից ԿԽՄԿ-ն տարածաշրջանում զբաղվում է անհայտ կորած անձանց խնդրով և նրանց ընտանիքների դրությամբ։
Ընդգծվում է, որ ԿԽՄԿ-ն ուղեկցում է անհայտ կորած անձանց ընտանիքներին և աջակցում Հայաստանի իշխանություններին անհայտ կորած անձանց որոնման և նույնականացման գործընթացի առաջմղման գործում։
"Անհայտ կորած անձանց ընտանիքների աջակցությունը ներառում է դժվարությունների հաղթահարումը, կապերի վերականգնումը և անորոշությանն առանձին չբախվելու հնարավորության ապահովումը։ Մենք ուղեկցում ենք անհայտ կորածների ընտանիքներին՝ ամրապնդելու նրանց կարողությունը հաղթահարելու հարազատների անհետացման հետ կապված դժվարությունները և ժամանակի ընթացքում օգնելու նրանց վերադառնալու բնականոն սոցիալական կյանքին՝ աստիճանաբար և ամբողջությամբ ինտեգրվելով հասարակությանը",- հայտարարել են ԿԽՄԿ-ում։
Մարդասիրական կազմակերպությունում հայտնել են, որ աջակցել են իշխանություններին 1990-ական թվականների հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց ճակատագիրը պարզելու համար կենսական նշանակություն ունեցող տեղեկությունների հավաքագրման գործում։ Նրանց է փոխանցվել անհայտ կորած անձի և անհետացման հանգամանքների վերաբերյալ մանրամասն տեղեկություններով ավելի քան 750 հարցաթերթիկ, 528 անհայտ կորած անձանց հարազատներից վերցված 1586 կենսաբանական հղման նմուշ՝ մնացորդների հետ ԴՆԹ-ի համեմատության համար, տրամադրվել են անհայտ կորած անձանց վերաբերյալ տվյալների հավաքագրման և անվտանգ պահպանման գործիքներ։ Բացի այդ, ապահովվել և աջակցվել է ԴՆԹ-ի վերլուծության միջոցով նույնականացման գործընթացը, աջակցություն է ցուցաբերվել դատաբժշկական ներուժի ամրապնդման և դատաբժշկական ենթակառուցվածքի բարելավման գործում, տրամադրվել է ԴՆԹ-ի անջատման ավելի քան 1700 թեստ և այլ անհրաժեշտ գենետիկական նյութեր, տրամադրվել են գենետիկական անալիզատոր և այլ լաբորատոր սարքավորումներ՝ նույնականացմանն աջակցելու համար, ինչպես նաև ավելի քան 50 միավոր ՏՏ սարքավորում, այդ թվում՝ գենետիկական տվյալների անվտանգ պահպանման սերվեր։