
Արմինֆո.ՌԴ Պետական դումայի պատգամավոր Վիկտոր Վոդոլացկին հաղորդել է, որ Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպում է ունեցել՝ նվիրված Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ միջկուսակցական եւ միջխորհրդարանական երկխոսության զարգացմանը։
Նա իր սոցիալական ցանցերում պատմել է, որ ՀՀԿ գործադիր մարմնի անդամներ Էդուարդ Շարմազանովի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ղեկավարող Հենրիկ Դանիելյանի հետ քննարկել է հայ-ռուսական փոխգործակցության հետևողական ամրապնդումը, այդ թվում՝ կառուցողական միջկուսակցական համագործակցության գծով:
"Քննարկել ենք տարածաշրջանային արդիական օրակարգը, եվրասիական ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարները, ինչպես նաև արդի աշխարհաքաղաքական իրողություններում երկու երկրների հասարակական-քաղաքական ուժերի միջև բաց և վստահելի երկխոսության պահպանման հատուկ նշանակությունը", - հաղորդել է ռուս պատգամավորը:
Դիմելով ներկաներին՝ Վոդոլացկին նաև ընդգծել է Ռուսաստանի Դաշնության անկեղծ շահագրգռվածությունն ու անփոփոխ պատրաստակամությունը՝ համակողմանի փոխգործակցության և երկկողմ հարաբերությունների կուտակված ներուժի պահպանման համար:
"Հայաստանը միշտ եղել և մնում է Ռուսաստանի համար կարևորագույն աշխարհաքաղաքական գործընկեր և դաշնակից տարածաշրջանում, ինչի առնչությամբ սկզբունքորեն կարևոր է պահպանել և զարգացնել այդ ռազմավարական գիծը՝ հենվելով երկու երկրների ժողովուրդների փոխադարձ հարգանքի, վստահության դարավոր ավանդույթների և ընդհանուր շահերի վրա", - նշել է ռուս օրենսդիրը:
Էդուարդ Շարմազանովն, իր հերթին, նշել է "Եդինայա Ռոսիա"-ի հետ ՀՀԿ-ի գործընկերության պատմական շարունակականությունն ու կայունությունը՝ ընդգծելով Հայաստանի հանրապետական կուսակցության հավատարմությունը Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային եւ ռազմավարական հարաբերությունների ուղեգծին:
"Հանդիպման արդյունքում համակարծիք ենք եղել, որ ռուս-հայկական հարաբերությունները պետք է պահպանեն եղբայրական բնույթը՝ անկախ արտաքին հանգամանքներից, և հաստատել ենք շահագրգռվածությունը շփումների ընդլայնմամբ, առաջին հերթին, երիտասարդական, հումանիտար և հանրային դիվանագիտության ոլորտներում", - ամփոփել է Վոդոլացկին: