


ԱրմԻնֆո.Ներքին գործերի նախարարության քաղաքական առաջնահերթություններից մեկն անչափահասների դեմ հանցագործությունների կանխարգելումն է և նրանց իրավունքների պաշտպանությունը: Այդ մասին նոյեմբերի17-ին ԱԺ լիագումար նիստում հայտարարել է ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները։
Փոխնախարարի խոսքով՝ օրինագիծն ուղղված է երեխաների սեռական անձեռնմխելիության պաշտպանությանը և այդ իրավահարաբերություններում որոշակի փոփոխություններ կատարելուն: Հիմնական զեկուցողի խոսքով ՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դատական պրակտիկայում առկա են բազմաթիվ դեպքեր, երբ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ (տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ սեռական գործողություններ կատարելը) և 201-րդ (անպարկեշտ գործողություն կատարելը) հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար մեղադրվող անձինք քրեական պատասխանատվությունից ազատվում են տուժողի հետ հաշտվելու կամ ակտիվ զղջման հիմքով: Հաշվի առնելով, որ այդ հանցագործություններն ազդում են հատկապես խոցելի վիճակում գտնվող և պետության մշտական խնամակալության տակ գտնվող տասնվեց տարեկանից ցածր երեխաների վրա, օրինագիծն առաջարկում է արգելել քրեական պատասխանատվությունից ազատումը հաշտեցման կամ ակտիվ զղջման հիման վրա՝ նրանց համար, ովքեր հանցագործություն են կատարել երեխաների սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ:
"Դա բխում է բացառապես երեխայի լավագույն շահերի պաշտպանությունից, քանի որ յուրաքանչյուր երեխայի համար անվտանգ, առողջ և արժանապատիվ մանկության ապահովումը պետության բացարձակ գերակայությունն է", - հայտարարել է Արմեն Մկրտչյանը:
Նախագծով առաջարկվում է նաև քրեական պատասխանատվություն սահմանել մարմնավաճառության մեջ ներգրավված երեխայի ծառայություններից օգտվելու համար:


