
Արմինֆո. Հայաստանի աշխատանքի և բարեկեցության նախարարի հրամանով ևս 6 ամսով երկարաձգվել է 2020 թվականին Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը:
Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը նաև տեղեկացնում է, որ հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվում է վերջին անգամ, և նոր ժամկետից` 2027թ. հուլիսի 1-ից հետո հավաստագրերն իրացնելու հնարավորություն այլևս չի լինելու:
«Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքները կարող են ձեռք բերել, կառուցել և վերակառուցել իրենց սեփական տունը։
Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցող բանկից կամ վարկային կազմակերպությունից հիփոթեքային վարկ ստանալու դեպքում՝ պետությունը հավաստագրի միջոցով իրականացնում է վարկային ժամանակացույցին համապատասխան մայր գումարի և տոկոսագումարի սուբսիդավորում, մասնավորապես, Երևանում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 8 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 8% տոկոսագումարի գծով, ՀՀ մարզային բնակավայրերում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 10 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 10% տոկոսագումարի գծով, ՀՀ առանձին գյուղական բնակավայրերում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 12 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 12% տոկոսագումարի գծով, սահմանամերձ բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում հիփոթեքային վարկի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 14 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 13% տոկոսագումարի գծով», - ասվում է նախարարության հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ-ն Թուրքիայի հետ համատեղ ռազմական ագրեսիա է իրականացրել Արցախի դեմ ։ 44 օր տևած արյունալի մարտական գործողությունների ընթացքում 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրվել է հայտարարություն ՝ մարտական գործողությունները դադարեցնելու և Արցախ ռուս խաղաղապահներ մտցնելու մասին ։ 2020 թվականի ագրեսիայի հետևանքով կորսվել են Շուշին և Արցախի մի շարք շրջաններ։ Զոհվել են մի քանի հազար զինվորներ, ավելի քան 10 հազար հայորդիներ դարձել են հաշմանդամ, հազարավոր արցախցիներ զրկվել են օթեւանից։