
Արմինֆո.Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն իր մտահոգությունն ու տարակուսանքն է հայտնում Հանրային հեռարձակողի քաղաքականության վերաբերյալ՝ Հանրային հեռուստաընկերության եթերում նախօրեին անպարկեշտ արտահայտությունների կիրառմամբ ծեծկռտուքի առնչությամբ:
Հանձնաժողովում ուշադրություն են հրավիրել փաստի վրա, Հանրային հեռուստաընկերության «Մեծ բանավեճ» հաղորդման հեռարձակումը նոյեմբերի 15-ին ընդհատվել է սեռական բնույթի արտահայտությունների ու ֆիզիկական բռնության ցուցադրությամբ, եւ այդ ողջ ընթացքը եթեր է հեռարձակվել առանց խմբագրումների։
«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտնում է իր մտահոգությունն ու տարակուսանքը Հանրային հեռարձակողի նման եթերային քաղաքականության կապակցությամբ։ Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել բանավեճին հրավիրված անձերով, թեժ քննարկմամբ, դիտելիություն ապահովելու սին մղումով կամ նույնիսկ ձևական անաչառությամբ։
Հանրային գործառույթ ունեցող ու հեռարձակող մեդիայի ոլորտում օրինակելի դեր կատարող հեռուստաընկերությունը նման իրավիճակներում պարտավոր է հարգել օրենքի պահանջները, չբորբոքել լսարանի հույզերը և զերծ մնալ բռնության օրինականացումից եթերում։ Իրավական հարցերից զատ գոյություն ունեն նաև զուտ էթիկական և մասնագիտական մոտեցումներ, որոնք հեռարձակող ընկերությունների համար առաջնային են՝ անգամ այն դեպքում, երբ լուսաբանվում են բռնության տեսարաններ պարունակող բարձր ամբիոնների անցուդարձը։
Ի վերջո, գոյություն ունեն բանավեճի մասնակիցների սադրանքներին դիմակայելու, լարվածությունը մեղմելու, բռնությունը կանխելու, թեման կառուցողական հուն տեղափոխելու մասնագիտական հնարքներ, հատկապես, երբ խոսքը ոչ թե ուղիղ եթերի, այլ նախապես նկարահանված հաղորդման մասին է։
ՀՌՀ-ն իր կարգավորման դաշտում գտնվող հեռարձակողների հանդեպ միշտ ցուցաբերել է խիստ մոտեցում հատկապես բռնության, ատելության խոսքի ու վիրավորանքների տարածման հարցում՝ գիտակցելով, թե որքան մեծ է տեսալսողական մեդիայի դերը հանրային փխրուն համերաշխությունը պահպանելու, սթափ ու գիտակված դատողություններ անելու շեշտադրմամբ բովանդակություն կառուցելու ուժը», - ասվում է ՀՌՀ-ի հաղորդագրությունում։
Նշենք, որ մեկ օր առաջ Հայաստանի հանրային հեռուստատեսության քաղաքական թոք-շոուի ժամանակ իշխանամետ բլոգեր, "Հանրապետություն" կուսակցության անդամ Հարություն Մկրտչյանի և Politik.am ընդդիմադիր պարբերականի խմբագիր Բորիս Մուրազիի միջև բախում էր եղել: Պատճառներից մեկը եղել էր Մուրազիի՝ ազգային փոքրամասնության (ազգությամբ եզդի) պատկանելության հիշատակումնը և նրա մասին անպարկեշտ լուրերի ակնարկները։ Այն բանից հետո, երբ Մկրտչյանը վիրավորել էր Մուրազիի ծնողներին, լեզվակռիվը վերածվել էր ձեռնամարտի։ Հաղորդավարներն ընդհատել էին նկարահանումը, այնուամենայնիվ, ՀՀՀ-ը տեսագրությունը հրապարակել էի դեպքից մեկ օր անց։