


Արմինֆո. "Վստահ եմ, որ մոտ ժամանակներս մենք կհասնենք Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման", - Դուբլինում ելույթի ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այդ առնչությամբ նա վկայակոչել է օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հանդիպումը։ Դրական գնահատելով այն՝ վարչապետը հաղորդել է. "Մենք փոխադարձաբար ընդգծել ենք, որ շատ մոտ ենք եզրափակիչ քայլին՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանների լիարժեք բացմանը"։
Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ վերջին հանդիպումը նաեւ հանգեցնում է այն հետեւության, որ այժմ կա իրական պատմական հնարավորություն՝ կայուն, երկարաժամկետ, հուսալի եւ վերջնական խաղաղության հասնելու համար: «Եվ աններելի է չօգտագործել այս հնարավորությունը: Սա է իմ և մեր կառավարության առաքելությունը», - ասել է Փաշինյանը։ Միաժամանակ, նա ընդգծել է, որ հեշտ գործ չէ փոխել պատմության ընթացքը, քանի որ ի հայտ կգան միջազգային, ներքաղաքական, հոգեբանական և պատմության հետ կապված հարցեր: «Սակայն այժմ կարող եմ միանշանակ ասել, որ կայուն, երկարաժամկետ և հուսալի խաղաղության հասնելն արդեն իսկ իրատեսական է մեզ համար: Պարզապես, պետք է օգտվել այդ հնարավորությունից", - ասել է վարչապետը։
Ընդ որում, կառավարության ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանի քաղաքականությունն ուղղված է ոչ թե որոշ գործընկերներից հրաժարվելուն ՝ ի շահ մյուսների հետ մերձեցման, այլ ուղղված է հավասարակշռված արտաքին հարաբերությունների կառուցմանը:


