


Ամենայն հավանականությամբ, Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մարտական գործողություններ սկսելու հրամանը տվել է Ալիևը Վաշինգտոնից` այնտեղ իր համար ծագած խնդիրների առնչությամբ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Համենայն դեպս, նման հետևության կարելի է հանգել, հետևելով Ադրբեջանի նախագահի նախաձեռնած հերթական, բավականին կտրուկ, անգրագետ ակցիային, որը բարձրացնում է դիմակայության մակարդակը: Չեմ կարծում, թե այսօր դա կարելի է որակել մասշտաբային պատերազմ», - ընդգծել է քաղաքագետը:
Հաշտության գործընթացը, նրա գնահատմամբ, առանձնապես հեռանկար չուներ նաև մինչև Ալիևի վերջին արարքը, սակայն այսօր նման ջանքերով նա շարունակում է էլ ավելի կրճատել հաշտության հնարավորությունները, բնականաբար, առաջին հերթին` Ադրբեջանի համար: Իսկանդարյանն ընդգծել է, որ ակնկալում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություն` բանակցային գործընթացի ձախողման հերթական փորձի առնչությամբ:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին, ինչը հանգեցրել է զոհերի: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ: Հայկական ՀՕՊ ուժերը խոցել են ադրբեջանական ռազմական ուղղաթիռ: Հակամարտության գոտում ընթանում են մարտեր օդուժի, զրահատեխնիկայի և հրետանու կիրառմամբ:



