
Արմինֆո. Էջմիածին-Երևան թիվ 203 երթուղային ավտոբուսի վերջին կանգառը "Կիլիկիա" ավտոկայան վերադարձնելու Երևանի քաղաքապետարանի որոշումը հարուցել է Վաղարշապատի ուսանողների բողոքը:
Երևանի քաղաքապետարանի այդ որոշման հետ չհամաձայնող ուսանողները բողոքի ակցիայի են դուրս եկել Մատենադարանի մոտ՝ պահանջելով պահպանել տվյալ տարածքում վերջնական կանգառը:
Լրագրողների հետ զրույցում ուսանողների ակցիային միացած Երևանի ավագանու "Մայր Հայաստան" խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը հիշեցրել է, որ ավելի վաղ իշխանությունները արդեն փորձել էին արգելել Մատենադարանի տարածքում ավտոբուսների կանգառը, սակայն քաղաքացիների դժգոհությունից հետո հրաժարվել էին այդ մտքից: "Այսօր քաղաքապետարանը հանդես է եկել նոր պարզաբանմամբ, ըստ որի, ավտոբուսները կարող են ուղևորներին հասցնել Մատենադարան, բայց այնտեղ կանգ առնելն ու նոր ուղևորների սպասելը նրանց կարգելվի։ Բայց շուտով ձմեռ է: Ուսանողների խնդիրն այն է, որ նրանց իջեցնելու են այդ տարածքում, որից հետո ավտոբուսը հեռանալու է։ Հետո ինչպես հասնեն ավտոկայան, որ Էջմիածին վերադառնան։ Մինչդեռ, կարմիր գծերի սակագների բարձրացումը որևէ կերպ չի ազդել խցանումների հետ կապված իրավիճակի վրա։ Երևանում անընդհատ խցանումներ են լինում, քանի որ իշխանությունները 20 000 շինթույլտվություն են տվել ։ Պետք չէ դրա պատասխանատվությունը բարդել մարզերի բնակիչների վրա", - ընդգծել է Ստեփանյանը։
Նա նշել է, որ քաղաք մարզային տրանսպորտի մուտքի սահմանափակումը չի օգնի լուծել ճանապարհային խցանումների խնդիրը։ Նրա կարծիքով՝ դրանց հիմնական պատճառներն են շինարարական թույլտվությունների չափազանց մեծ քանակը, ամիսներ տևած ճանապարհների վերանորոգման աշխատանքները, ինչպես նաև ճանապարհների բազմաթիվ փոսերը, որոնք ժամանակին չեն փակվում: "Բայց Երևանը ռետինե չէ, որ ամենուր էլիտար շենքեր կառուցեն", - նշել է Ստեփանյանը:
Ուսանողներն, իրենց հերթին, ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, որ թիվ 203 ավտոբուսն աշխատում էն սահմանափակ գրաֆիկով, որը հաշվի չի առնում երկրորդ հերթափոխի սովորողների կարիքները: Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարել է, որ քաղաքապետարանի նոր հայտարարությունը, փաստացի, չի լուծել խնդիրը։ "Եթե Երևանի քաղաքապետարանը կարծում է, որ խցանումների պատճառը թիվ 203 երթուղու ավտոբուսներն են, նա պետք է հաստատի այդ պնդումը կոնկրետ թվային հաշվարկներով", - ասել է նա։
Ուսանողուհու խոսքով՝ առաջարկվող միջոցը կարող է ոչ միայն չբարելավել իրավիճակը ճանապարհներին, այլև՝ բարդացնել այն: "Զրկվելով ավտոբուսներից օգտվելու հնարավորությունից՝ ուղեւորները ստիպված կլինեն մայրաքաղաք հասնել տաքսիներով, որոնցում ավելի քիչ մարդ է տեղավորվում։ Արդյունքում՝ Երևան մտնող մեքենաների թիվը կարող է միայն ավելանալ", - պարզաբանել է ուսանողուհիներից մեկը։
Հիշեցնենք, որ, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունից հետո Էջմիածնից երթուղային ավտոբուսները "Կիլիկիա" ավտոկայանի փոխարեն սկսել են կանգ առնել Մատենադարանի հարակից տարածքում: Միևնույն ժամանակ, կայանատեղիների բացակայության դեպքում, հաճախ՝ երկրորդ շարքում՝ լուրջ խոչընդոտներ ստեղծելով ճանապարհի այլ մասնակիցների տեղաշարժի համար: Մայրաքաղաքում լուրջ խցանումների պայմաններում Երևանի քաղաքապետարանում հիշել են, որ նշված երթուղայինների վերջնական կանգառը ավտոկայանն է, այլ ոչ թե Մատենադարանի հարակից տարածքը, և արգելել են դրանց երթևեկությունն այդ ուղղությամբ: Դա առաջացրել է հանրային դժգոհություն։ Քաղաքացիները բողոքում են, որ այդ որոշումը հարվածում է իրենց գրպաններին։ Այդ կապակցությամբ քաղաքապետարանում նոյեմբերի 12 - ին հանդես են եկել հայտարարությամբ, որ Էջմիածին-Երևան ուղղությունը սպասարկող թիվ 203 ավտոբուսների վերջնական կանգառը կպահպանվի "Կիլիկիա" ավտոկայանում, սակայն երթուղային ավտոբուսին կթույլատրվի հասնել Մատենադարանին հարող տարածք ՝ բացառապես ուսանողներին իջեցնելու և նստեցնելու նպատակով: