
Արմինֆո. ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը նոր սահմանադրության դեմ ընդդիմության ակցիաները կապել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հասցեին "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի գործունեությանը վերաբերող մեղադրանքների հետ: Պատգամավորը նման տեսակետ է հայտնել խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։
Ընդհանուր առմամբ, ըստ նրա, նոր սահմանադրության ընդունման դեմ ընդդիմության գործողությունները "անհեթեթ" են թվում, հաշվի առնելով, որ նրանք դեռ չեն ծանոթացել փաստաթղթի տեքստին: "Թող սպասեն գոնե նոր սահմանադրության տեքստի հրապարակմանը, հետո նոր սկսեն պայքարել դրա դեմ", - հայտարարել է պատգամավորը:
Չախոյանն անլուրջ է համարել նաեւ ընդդիմության այն հայտարարությունները, թե նոր սահմանադրությունը թելադրված է Ադրբեջանի կողմից։ Նրա կարծիքով՝ ընդդիմությունը, հղում անելով Ադրբեջանին և Իլհամ Ալիևին, փորձում է կոծկել "սեփական յուրացումները"։ Այդ առնչությամբ պատգամավորը հիշեցրել է, թե ինչպես էին ավելի վաղ ընդդիմության ներկայացուցիչները զգուշացնում "300 հազար ադրբեջանցիների Հայաստան վերադարձի մասին": «Եւ որտե՞ղ են նրանք։ Ինչու ընդդիմությանը չեք հարցնում, թե որտեղ են այդ ադրբեջանցիները», - հարցադրում է արել Չախոյանը, լռության մատնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի իշխանությունները բազմիցս հայտարարել են 300 հազար ադրբեջանցիների "հայրենիք վերադարձնելու" մտադրության մասին։
Այնուհետև նա հիշեցրել է, որ նոր սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար իշխող ուժը պետք է ստանա ընդդիմության ևս վեց պատգամավորների աջակցությունը: Այդ առնչությամբ նա հարց է ուղղել, թե ինչու է ընդդիմությունը դուրս գալիս փողոց և տեղեկատվական ակցիաներ անցկացնում, եթե վստահ է, որ չի քվեարկի սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու օգտին: "Դա, պարզապես, անտրամաբանական է։ Ինչի՞ դեմ են նրանք այդ ժամանակ պայքարում",- նշել է իշխող խմբակցության պատգամավորը։
Վերջում նա թերահավատորեն է գնահատել ընդդիմության համախմբման մասին հայտարարությունը, նշելով, որ խոսքն այն ուժերի մասին է, որոնք առաջին անգամ չէ, որ փորձում են դա անել։ "Մենք այդ ամենն արդեն տեսել ենք, նրանք պարտվել են քաղաքական հարթությունում։ Այս համախմբումը միայն կարագացնի "Ուժեղ Հայաստանի" փլուզումը", - եզրափակել է Չախոյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ նոր սահմանադրության նախագիծը դեռ պաշտոնապես չի հրապարակվել։ Ի սկզբանե իշխանությունները խոստացել էին մինչև խորհրդարանական ընտրությունները հրապարակել հիմնական օրենքի նախագիծը, հետո ժամկետներն անընդհատ հետաձգվում էին, հիմա վերջնաժամկետը նոյեմբերն է կամ դեկտեմբերը։ Ըստ հայտարարությունների ՝ նոր սահմանադրության մեջ բացակայում է Հայաստանի անկախության մասին հռչակագրին հղումը, և դա այն պայմաններում, որ հիմնական օրենքի նախաբանն անձեռնմխելի է և փոփոխման կամ բացառման ենթակա չէ: Ընդդիմությունը Հայաստանի իշխանություններին մեղադրում է Ադրբեջանի պահանջները կատարելու մեջ և արդեն բազմիցս ընդգծել է, որ չի սատարելու երկրի գլխավոր օրենքը փոխելու գործընթացին:
Նշենք, որ նոր սահմանադրության հաստատման համար անհրաժեշտ է անցկացնել համազգային հանրաքվե, որի նշանակման մասին որոշում պետք է ընդունի Հայաստանի Ազգային ժողովը՝ պատգամավորների առնվազն երկու երրորդի ձայներով: Հայաստանում 2026 թվականի հունիսի 7-ին կայացած հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքում "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունն ունի 3/5 մեծամասնություն, որը թույլ է տալիս ընդունել սահմանադրական օրենքներ և նշանակել պաշտոններում, սակայն կուսակցությունը չունի 2/3 մեծամասնություն, որն անհրաժեշտ է ՀՀ սահմանադրության մեջ ուղղակի փոփոխություններ կատարելու համար ։ Ուստի, այդ հարցն առաջ տանելու համար նրանք պետք է ստանան ընդդիմության աջակցությունը։
Հավելենք, որ նոյեմբերի 4-ի ուշ երեկոյան 13 քաղաքական ուժեր հայտարարել են Հայաստանի գործող իշխանության դեմ պայքարում ուժերի համախմբման մասին՝ հետևյալ նպատակների շուրջ. պարտադրվող "ալիևյան սահմանադրության" մերժում, խաղաղություն առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների, ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն, ժողովրդավարական իրավունքների և ազատությունների վերականգնում: