
Արմինֆո.Հայաստանի իշխանությունները ցանկանում են օգտվել Ռուսաստանի Դաշնությունից, խաբել Ռուսաստանին և Եվրասիական տնտեսական միության մյուս դաշնակիցներին, որպեսզի, արտոնյալ տնտեսական կապերից օգուտ քաղելով, վճարեն մի ճամբարից մյուսը Հայաստանի անցման համար, կարծում է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
Մոսկվայում ԱՊՀ երկրների ինստիտուտում "Ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները" միջազգային կլոր սեղանի ժամանակ իր ելույթում Զատուլինը հայտարարել է, թե ինքը համաձայն չէ այն կարծիքին, որ ռուս-հայկական հարաբերությունների վատթարացման համար մեղավոր են երկու կողմերը՝ և Ռուսաստանը, և Հայաստանը:
"Ես բազմիցս քննադատել եմ Հայաստանի նկատմամբ մեր գործողությունները կամ անգործությունը, հատկապես՝ 2020 թվականի իրադարձությունների առնչությամբ, եւ մինչ օրս կարծում եմ, որ մենք չենք օգտագործել բոլոր հնարավորությունները, որպեսզի թույլ չտանք պատերազմ, որը հանգեցրել է ազգային ողբերգության՝ Լեռնային Ղարաբաղի կորստի եւ պատմական հողերից հայ բնակչության համատարած ելքի", - նշել է ռուս պատգամավորը:
Նա խոստովանել է, որ դա իր համար անձնական ողբերգություն է՝ թեկուզ այն պատճառով, որ իր բարեկամները, գործընկերները, որոնք, ըստ էության, գերեվարված են, այսօր գտնվում են բանտերում և դատապարտված են ադրբեջանական դատարանի կողմից:
"Այդուհանդերձ, դա հիմք չէ կարծելու, թե ռուս-հայկական հարաբերությունների վատթարացման մեղքը հավասարաչափ ընկած է և հայկական, և ռուսական կողմի վրա։ Որովհետև Հայաստանի կառավարության ղեկավարը ներկա քաղաքական գիծը որդեգրել է ոչ պատահական, ոչ էլ քսան թվականի իրադարձությունների ազդեցության տակ։ Դա քաղաքական գործչի գիտակցված ճանապարհն է, որն իր ողջ կարիերան կառուցել է Ռուսաստանի հետ հարաբերությունները քայքայելու եւ Եվրոպային կամ Ամերիկային ավելի մոտ ինչ-որ տեղ տեղափոխվելու ցանկության վրա, համենայնդեպս, փոխել Հայաստանի կողմնորոշումը, հրաժարվել ողջ հայկական անցյալից", - հայտարարել է Զատուլինը, հաղորդում է "Մոսկովսկի կոմսոմոլեցը":
Ռուս պատգամավորի կարծիքով՝ այդ ամենում միակ դրական կետն այն է, որ այսօր Ռուսաստանում բոլոր մակարդակներում ՝ և փորձագիտական, և պաշտոնական, եկել է լիակատար որոշակիություն և հստակություն այն բանում, ինչ վերաբերում է Փաշինյանի կառավարության հետ հարաբերություններին և դրանից բխող Ռուսաստանի Դաշնության գործողություններին։
"Հայաստանի իշխանությունները ցանկանում են օգտվել Ռուսաստանի Դաշնությունից, խաբել Ռուսաստանին և Եվրասիական տնտեսական միության մյուս դաշնակիցներին, որպեսզի արտոնյալ տնտեսական կապերից օգուտ քաղելով՝ վճարեն մի ճամբարից մյուսը Հայաստանի անցման համար։ Բայց, եթե նախկինում, մինչև Ուկրաինայի հետ կապված բոլոր իրադարձությունները, հատուկ ռազմական գործողությունը, մենք կարող էինք համարել, որ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը միեւնույնը չեն, ապա այսօր ակնհայտ է, որ ԵՄ-ը մեր հակառակորդն է, թշնամին։ ԵՄ երկրները մրցակցում են Ռուսաստանին հնարավորինս մեծ վնաս հասցնելու, որքան հնարավոր է շատ սպանելու, ՌԴ տարածքում որքան հնարավոր է շատ ոչնչացնելու իրենց ձգտման մեջ։ Այս իրավիճակում Փաշինյանի և պատգամավորների հնազանդ մեծամասնության ցանկությունը՝ սկսել անդամակցություն Եվրամիությանը, այդ մասին օրենքի ընդունումը, միանգամայն հստակ դիրքավորում է Հայաստանի ղեկավարությանը: Այն պատրաստվում է անցնել մեր թշնամու ճամբարը և, միևնույն ժամանակ, կառչում է կանոնադրության ինչ-որ կետերից, որոնք խոսում են այն մասին, որ չի կարելի իրականում կասեցնել Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը, դա փաստաթղթերով նախատեսված չէ։ Իսկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը անդամակցությունը կարելի՞ է կասեցնել",- հարցրել է նա:
Զատուլինը Երևանի նման պահվածքը որակել է"դավաճանություն ռազմական գործողությունների ժամանակ": "Կարող եք պատկերացնել, թե ինչպես է Ռուսաստանում ընկալվում է այն փաստը, որ Հայաստանը բարեկամների ճամբարից անցնում է թշնամիների ճամբար՝ այն պահին, երբ Եվրամիության երկրներն ուկրաինացիների ձեռքերով սպանում են մեր մարդկանց", - ասել է ռուս պատգամավորը:
«Մենք պատերազմ ենք վարում։ Մենք պատերազմ ենք վարում և խնդրում ենք, որ մի երկրում, որը դեռևս պաշտոնապես մեր դաշնակիցն է, գնահատեն այդ հանգամանքը», - ասել է Զատուլինը։ Նա ընդգծել է, որ ՌԴ-ն Հայաստանի նկատմամբ իրականացնելու է որոշումներ, որոնք անհրաժեշտ է համարում սեփական տնտեսության և Եվրասիական միության զարգացման համար: Բայց, միևնույն ժամանակ, ամեն կերպ կզարգացնի նրա հետ կապերը մշակութային գծով։ Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա նա ստիպված է լինելու պատասխան տալ սեփական գործողությունների համար։ Ցավոք, նա միայնակ չի պատասխան տալիս, նա պատասխան է տալիս ամբողջ Հայաստանի հետ միասին", - քննարկումն ամփոփել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենը: -0-