
Արմինֆո. Փաշինյանը, տեսնելով, որ ալիևյան սահմանադրությունը չանցկացնելու հարցում ընդդիմությունն անդրդվելի է, տեսնելով, որ զանգվածային ձերբակալությունները, սարքած գործերը ոչ մի ազդեցությունյուն չեն ունենում, որոշել է կոտրել ընդդիմադիրներին հենց Ազգային Ժողովում ֆիզիկական բիրտ ուժի կիրառմամբ: Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այդպես է մեկնաբանել վարչապետի արձագանքն Ազգային ժողովում պատգամավորների այսօրվա ծեծկռտուքին։
«Ռուբինյանի կողմից ընդմիջում չհայտարարելը և «Ենի Էրմենիստան» իշխող կուսակցության պատգամավորների կոորդինացված և ակնհայտաբար նախօրոք մշակված գործողությունները ցույց են տալիս, որ մենք գործ ունենք Հայաստանի խորհրդարանում ալիևյան ՕՄՕՆ-ի հատուկ գործողության հետ, որի նպատակն էր ընկճել ընդդիմությանը և ստանալ սահմանադրական հանրաքվեի համար անհրաժեշտ ձայներ: Բայց սրանց գյադայությունը ուղղակի նոր ռեկորդներ է սահմանում:
Շրջապատված ոստիկանությամբ, ԱԱԾ-ով, քննչական մարմիններով, բոլոր մակարդակների պետական ապարատով, ապօրինաբար օգտագործելով այդ բոլոր պետական մարմինների լծակները ընդդիմախոսներին զանվածաբար կալանավորելու, նրանց դեմ սարքած գործերով հալածանքներ իրականացնելու, իսկ որոշ դեպքերում անգամ արտադատարանական ֆիզիկական հաշվեհարդարներ կատարելու նպատակով, Փաշինյանը իրեն թույլ ա տալիս իջնել գյադայական հակապետական ցինիզմի մակարդակի:
Այ տղա, քեզ պառլամենտում անգամ Արտաշես Գեղամյանն ա քյոթակել, դու սուս փուս կուլ ես տվել: Հիմա փոխանակ դատապարտեիր բռնությունը խորհրդարանում, ախրաննիկների հետևում պատսպարված` հլա մի հատ էլ հիանում ես ժողովրդավարական ազատությունների վրա քո խունվեյբինների գործած հարձակումով: Տո լավ էլ ուժեղ իրենց պահեցին, հաստատ քեզնից հազարապատիկ»,- Facebook-ի իր էջում գրել է Զուրաբյանը՝ արձագանքելով խորհրդարանում ծեծկռտուքից հետո Փաշինյանի հրապարակմանը: Հայաստանի վարչապետն օրենսդիր մարմնում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո մի տեսակ սարկազմով իր սոցիալական ցանցերում գրել է․ «Ես գիտեի, գոնե, ֆիզիկապես են ուժեղ: Փաստորեն՝ չէ»։ Ավելին, Հայաստանի վարչապետն այսօր ճեպազրույցի ժամանակ ոչ միայն չի դատապարտել տեղի ունեցածը, այլև, նույնիսկ, ողջունել է իր թիմակիցների գործողությունները՝ միջադեպի համար ողջ պատասխանատվությունը բարդելով ընդդիմության վրա։ Թեև, կադրերից երևում է, որ հենց կառավարող ուժի ներկայացուցիչն է հրահրել կոնֆլիկտը։
Նշենք, որ հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի՝ "Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի ընտանիքի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտություններից հետո լեզվակռիվ է սկսվել, որը վերածվել է պատգամավորների միջև ծեծկռտուքի: Իրավիճակի սրման ֆոնին ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը ընդմիջում չի հայտարարել, այլ միայն հորդորել է պատգամավորներին կողմնորոշվել՝ պատրաստվում են շարունակել ծեծկռտուքը, թե նստելու են իրենց տեղերը: Սակայն լարվածությունը ոչ միայն չի նվազել, այլև ավելի է սրվել։ ԱԺ նախագահը ստիպված է եղել կանչել Պետական պահպանության ծառայության ներկայացուցիչներին, որպեսզի հանդարտեցնի ժողովրդի ծառաներին։ Կոնֆլիկտը շարունակվել է խորհրդարանի միջանցքում։ Իրավապահները ստիպված են եղել պատ կազմել իշխող ուժի և ընդդիմության պատգամավորների միջև ՝ նրանց հանդարտեցնելու համար։ Ծեծկռտուքի հետևանքով վնասվել է նիստերի դահլիճում գտնվող պետական գույքը։