
Այսօր լրատվական կայք բացելը շատ հեշտ է, իսկ այն զանգվածային լրատվական միջոց /ԶԼՄ/ կոչելը՝ առավել ևս, բացարձակապես անվճար և բառի ՙլավ՚ իմաստով անպատասխանատու գործ է: Վիրտուալ տեղեկատվական միջավայրն իր՝ ամերիկյան նեոլիբերալիզմի ջատագովների մատուցմամբ, այսպես կոչված, ՙայլընտրանքային ԶԼՄ-ներով՚, գրագող կայքերով, բլոգներով, սոցցանցերով և մերօրյա, պատկերավոր ասած, ինտելեկտուալ-տեղեկատվական կյանքի այլ նորագույն ատրիբուտներով, իրականություն են դարձել Հայաստանում, որն սպառնում է ամբողջովին կլանել հասարակական կարծիքը:
Հասարակական միտքն աստիճանաբար զոհաբերվում է ՙՆեպտուն՚ աստծուն, ով անհրաժեշտության դեպքում ՙիններորդ ալիք՚ է բարձրացնում, իսկ հարկ եղած դեպքում՝ լիակատար հանդարտություն ստեղծում: Տեղեկատվական պատերազմների ճահճուտում մենք ակամայից ապակողմնորոշող տեղեկատվական միջավայրի զոհ ենք դառնում: Հասարակական գիտակցության համար վտանգավոր այդ մթնոլորտը ստեղծում են
ֆեյքային ՙկոմպրոմատների՚ ֆաբրիկաները, որոնց հետևում կանգնած են սեփականատեր-տիկնիկավարներ, որոնք այդքան հեշտ և պարզունակ կերպով մանիպուլյացիայի են ենթարկում մեր գիտակցությունը՝ հանուն սեփական քաղաքական և տնտեսական որոշակի օգուտների:
Պետք է միամիտ լինել՝ չհասկանալու համար, որ դիմակայել այդ ամենին հնարավոր չէ: Բայց դա չի նշանակում, որ այդ մասին պետք չէ գրել, չէ որ վիրտուալ տեղեկատվական միջավայրը մեր մի մասն է դառնում, բայց եթե սկզբնական շրջանում մենք կարող էինք վերահսկել մեր աշխարհայացքը և աշխարհընկալումը, այսօր ավելի դժվար է դա անել. դժվար է զատել ցորենը որոմից՝ գտնվելով ցորենի հսկայական ամբարի մեջտեղում:
Եվ եթե Արևմուտքի երկրներում, ԶԼՄ-ների զարգացման՝ հարյուրավոր տարիների ընթացքում պետական և հասարակական համակարգի հետ սերտաճած իրենց ավանդույթներով և զսպումների ու հակակշիռների հասարակական և իրավական բազմաթիվ մեխանիզմենրով, հասարակական գիտակցությունը դեռ ի վիճակի է տարբերակել այս կամ այն տեղեկատվական աղբյուրի նկատմամբ իր վերաբերմունքը, ապա տոտալիտար պատյանից վերջերս դուրս եկած երկրներում աղբյուրների և հասկացությունների նենգափոխումն առանձնակի ջանք չի պահանջում: Այդ պատճառով ցավալի է, երբ զարգացող, իսկ տվյալ դեպքում, եթե անկեղծ լինենք, Հայաստանի նման թերզարգացած երկրներում ՙայլընտրանքային ԶԼՄ-ները՚, որոնց զարգացման համար ուղղվում են օտարերկրյա հարկատուների զգալի ռեսուրսներ, հեշտորեն փոխարինում են պրոֆեսիոնալ ԶԼՄ-ներին: Ինչպես և կարելի էր սպասել, նախօրոք վարձատրված ՙայլընտրանքների՚ հիմնական առաքելությունն ապատեղեկատվության կամ ավելի վատ՝ միակողմանի թերի տեղեկատվության միջոցով հասարակական գիտակցության մանիպուլյացիան է հանդիսանում, իսկ պրոֆեսիոնալ տեղեկատվության առաքելությունը, աստիճանաբար փոքրանալով, դառնում է խորշային և աներևույթ:
Բայց եթե ապատեղեկատվության առաքելությունը, հանուն աշխարհաքաղաքական գերիշխման հասնելու գլոբալ նպատակների և համաշխարհային ռեսուրսների համար պայքարի, հիմնված պետական հատուկ քարոզչության վրա, արդեն վաղուց լիովին տեղավորվում է միջազգային հարաբերությունների նորմալ տրամաբանության մեջ՝ ներկայումս ծանրաբեռնված ՙարևելյան արշավանքով՚, ՙարաբական գարունով՚, տոտալ ապակողմնորոշման առաքելությունը համեմատաբար նոր երևույթ է:
Հասարակական ապակողմնորոշման առաքելության գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն ՙբերաններ փակելու՚ և համատարած ցենզուրայի սահմանափակիչ մեխանիզմների կիրառում չի ենթադրում, այլ ընդհակառակը՝ իրենից ներկայացնում է 21-րդ դարի յուրօրինակ ՙնոու-հաու՚՝ աճած վիրտուալ ՙբաց տեղեկատվական տարածության՚
պարարտ հողում: Արդեն կարիք չկա գնելու նախընտրելի թերթեր և ամսագրերը կրպակից և անտեսել այն հրապարակումները, որոնք չեն համապատասխանում սեփական բարոյական սկզբունքներին և մտավոր մակարդակին, քանի որ IT պարզունակ տեխնոլոգիաների , PR և գովազդի միջոցով վիրտուալ տիրույթում ձեզ անվճար պարտադրում են կասկածելի ինտելեկտուալ սնունդ հարյուրավոր և հազարավոր նախօրոք վարձատրված տեղեկատվական աղբյուրների կողմից՝ ի դեմս ՙայլընտրանքային ԶԼՄ-ների՚: Զանգվածային ապակողմնորոշման այդ սկզբունքների հիման վրա էլ, որպես կանոն, այսօր կառուցվում է ներպետական, ներերկրային տեղեկատվական քաղաքականությունը կամ նույն սցենարով տեղի է ունենում այդ քաղաքականության վրա արտաքին ազդեցությունը՝ որոշակի ներքաղաքական նպատակների հասնելու նպատակով:
Հավանաբար, որևէ նոր և արտառոց բան ասվածում չէր լինի, եթե չլիներ տեղեկատվական միջավայրում նոր վտանգավոր միտումը: Ապատեղեկատվության և ապակողմնորոշման պարարտ հող տեսնելով մակրոմակարդակում, այդ երևույթը սկսել է թափ առնել միկրոմակարդակում: Խոսքը վերաբերում է այս կամ այն կազմակերպության և հատկապես բիզնես կառույցների հասցեին լավագույն դեպքում ոչ պրոֆեսիոնալ, իսկ վատագույն դեպքում՝ ակնհայտ կեղծ, զրպարտիչ և վարկաբեկող տեղեկատվության հոսքի անհավանական աճին: Այդ երևույթը, որը կարելի է անվանել ՙայլընտրանքային ԶԼՄ-ների՚ դիֆամացիոն առաքելություն, անկեղծ ասած, միշտ եղել է, այդ թվում՝ հայաստանյան պրոֆեսիոնալ մամուլում, բայց երբեք այդքան լայնատարած և վտանգավոր էպիդեմիկ բնույթի չի կրել՝ լոյալ ընթերցողների հանդեպ լուրջ ռեպուտացիոն ռիսկերի առկայության և ապատեղեկատվության տարածման մեծ ծախսերի պատճառով: Այսօր ՙսև PR՚-ի ծախսերն այնքան ցածր են, որ այդ բնագավառն իսկական բիզնես ինդուստրիա է դառնում: Մի քանի հազար դոլար նախնական ներդրումներ, որոնց կեսը ուղղվում է պարզունակ կայքի ստեղծմանը, երկրորդ մասը՝ սոցցանցերում գովազդմանը, և պրոֆեսիոնալ լրագրողության մասին պատկերացում անգամ չունեցող և ՙքոփի փաստի՚ սկզբունքով աշխատող արկածախնդիր գործարարների ձեռքում է հայտնվում պոտենցիալ թիրախային լսարանից միջոցներ կորզելու լուրջ գործիք: Ըստ որում, ամենատարօրինակն այն է, որ ընդհանուր կեղծ տեղեկատվական լույսի ներքո՝ մեր դեգրադացվող աշխարհընկալումը չափազանց հարմարվող է դառնում նման ՙֆեյքերի՚ հանդեպ: Ըստ որում, ՙքոփի փաստի՚ սկզբունքով նման տեղեկատվության տարածման զոհ են դառնում նաև պրոֆեսիոնալ ԶԼՄ-ները՝ միայն այն պատճառով, որ չեն կարողանում մասնագիտորեն գնահատել, վերստուգել տեղեկատվությունը և գումար բերող քլիքների հետևից ընկած լինելով՝ կեղծ տեղեկատվություն են տարածում: Ավելի շատ կանխահայտ սուտ տեղեկություններ, ՙՀայաստանի վարչապետը տրակտորով բախվել է պատին՚ կեղծ վերտառությամբ լուրեր, ավելի շատ քլիքներ, ավելի շատ ընթերցողներ, ավելի շատ գովազդ, ավելի շատ կոմպրոմատ և բացահայտ շանտաժ, և ահա այլընտրանքայի ԶԼՄ-ների նոր ինդուստրիան, որի ծաղկման համար թույլ և անկայուն երկրներում պայքարում են բազմաթիվ օտարերկրյա և տեղական շահառուներ, դառնում է առանց այդ էլ ապակողմնորոշված բնակչության մտքի տերը:
Եվ եթե ներքին քաղաքականության ոլորտում կոմպրոմատների և կեղծիքի պայքարը լակմուսի թղթի նման արտացոլում է քաղաքական դաշտի վիճակը և վերջինիս դեգրադացող ցածր մակարդակը, տնտեսության և բիզնեսի բնագավառում ՙայլընտրանքային ԶԼՄ-ների՚ դիֆամացիոն առաքելությունը նոր թափ է առնում: Վերջին օրինակը շրջանառվող լուրերն էին ՙԱշտարակ կաթ՚ կաթնամթերք արտադրող խոշորագույն ընկերության իբր սնանկացման մասին: Ո՛չ հստակ աղբյուրներ, ո՛չ փաստաթղթեր, ո՛չ փորձագետների կարծքներ, ո՛չ լուրջ մեկնաբանություններ, որոնք կարող էին հիմք հանդիսանալ նման հավաստումների համար: Բայց նույնիսկ եթե առկա են ֆինանսական խնդիրներ, հարկավոր է փնտրել, գտնել և համեմատել աղբյուրները: Կամ, որպես օրինակ, անցած տարի Հայաստանի խոշորագույն բանկերից մեկի՝ ACBA Credite Agricole-ի սնանկացման մասին աղմկահարույց տեղեկություն տարածվեց և նույնիսկ որպես հարց հնչեց բավականին լուրջ ֆինանսական համաժողովի ժամանակ՝ միայն այն պատճառով, որ ՙայլընտրանքային ԶԼՄ-ների՚ աշխատակիցներից մեկը ժամանակ չի գտել հասկանելու, թե ինչով է բանկի կանոնադրական կապիտալը տարբերվում ընդհանուր կապիտալից: Ավելի անհեթեթ էր ՎՏԲ-Հայաստան բանկում ադրբեջանական գերիշխման շուրջ ինտերնետային ինչ-որ լրատվամիջոցի՝ խորը վերլուծության հավակնող հրապարակումը՝ միայն այն պատճառով, որ թշնամի երկրի նավթային հիմնադրամը ՙՎՏԲ խմբի՚ միջազգային հոլդինգի բաժնետոմսերի 3%-ի սեփականատերն է: Նույն հաջողությամբ կարելի էր մի քանի տարի առաջ Հայաստանից վտարել ԲՏԱ Բանկին, որը մի ժամանակ ՙԹուրան-Ալեմ՚ անունով ակտիվորեն աշխատում էր Թուրքիայում՝ խորհրդանշելով ՙՄեծ Թուրանի՚ աշխարհաքաղաքական տարածությունը: Վերջիվերջո, ինչո՞ւ չվտարենք երկրից Beko ընկերության առևտրային ներկայացուցչությանը, որը, հավանաբար, ցանկանում է թուրքական և ապրիորի պայթունավտանգ կենցաղային տեխնիկա վաճառել հայերիս, կամ LC Waikiki ընկերության ներկայացուցչությանը, որը, հավանաբար, նույնպես ցանկանում է անորակ հագուստ վաճառել մեզ: Զանգվածային գիտակցության ոչ պատահական մանիպուլյացիայի նման օրինակները, իհարկե, բազմաթիվ են, և կարելի էր ուշադրություն չդարձնել դրանց, եթե չլիներ հետխորհրդային ողջ տարածությունը համակած ՙհետխորհրդային միամտության վիրուսը՚, որը որևէ առնչություն չունի թե՛ մամուլի ազատության հասակացության, թե՛ սեփական կարծիքը հայտնելու իրավունքի, թե՛, առավել ևս , լրագրողության մասնագիտական բարոյաէթիկական կանոնների հետ:
ՙՆոր ԶԼՄ-ների՚ հղումներով սոցցանցերը ողողած կեղտը հանգեցրել է այն բանին, որ պրոֆեսիոնալ հանրությունն ստիպված է ավելի հաճախ ապացուցել տեղեկատվության իրական աղբյուրներին և նյուսմեյքերներին, որ ՙընձուղտ չէ՚: Գլխիվայր շրջելով և կեղտի հետ խառնելով հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական առաջընթացի համար այդքան կարևոր պրոֆեսիոնալ ԶԼՄ-ների ոլորտը՝ բոլոր տեսակի և քաշային կատեգորիաների տիկնիկավարները՝ խոշոր քաղաքական գործիչներից մինչև մանր բանսարկուները, փաստացի, հասել են իրենց նպատակին: Ոմանք այսօր այդ նպատակով պետական բյուջեից միլիոններ և հսկայական դրամաշնորհային միջոցներ են ծախսում, ոմանք չհաշվառված կանխիկ միջոցներ սեփական՝ ազատ մրցակցային միջավայրում չտեղավորվող բիզնեսից, իսկ ինչ-որ մեկը՝ մի քանի հազար դոլար է ծախսում սեփական հիվանդագին ամբիցիաները բավարարելու նպատակով: Բայց, վերջին հաշվով, մենք և մեր սերունդները, վաղ թե ուշ, ստիպված ենք լինելու վճարել այդ ամենի համար՝ սեփական մտքով, հոգով և ճակատագրով: Որևէ ելք և հույս չկա: