
Արմինֆո. Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Promise Institute for Human Rights-ը սեպտեմբերի 24-ին կազմակերպելու է հանդիպում Ադրբեջանում պահվող հայ գերիների շահերը ներկայացնող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են Free Armenian Prisoners նախաձեռնության մամուլի ծառայությունից։
«Ադրբեջանական գործերն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայ քաղաքացիական ղեկավարության դեմ. հայացք ներսից» խորագրով քննարկմանը Սիրնաուշ Սահակյանը կներկայացնի Բաքվում հայերի նկատմամբ իրականացվող քրեական դատավարությունների իրավական վերլուծությունը։ Սահակյանը մասնավորապես անդրադառնալու է այն հարցին, թե արդյոք չճանաչված միավորի քաղաքացիական, քաղաքական կամ վարչական կառույցներում ներգրավվածությունը, առանց անձի կողմից կոնկրետ հանցավոր արարք կատարելու ապացույցների, կարող է ինքնին դիտարկվել որպես հանցագործություն։
Կքննարկվեն նաև, թե արդյոք միայն չճանաչված լինելու հանգամանքը կարող է իրավաչափորեն սովորական քաղաքացիական կամ հանրային գործունեությունը վերածել հանցավոր արարքի։ Քննարկումտ կվարի Promise Institute Los Angeles-ի գործադիր տնօրեն Հադար Հարիսը», - ասվում է հաղորդագրությունում։
Միջոցառմանը հնարավոր է գրանցվել հետևյալ հղումով:
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին եւ Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։
Հավելենք, որ սեպտեմբերի 9-ին Արցախի խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը հերթական ուղերձն է հղել Բաքվի բանտից, որտեղ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի օմբուդսմենների գործունեությանը և կոչ արել Հայաստանի իշխանություններին գոնե մի փոքր արժանապատվություն ունենալ: