
ԱրմԻնֆո. Արցախի Հանրապետության մշակույթի նախկին նախարարները դիմել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին՝ պահանջելով գործուն և հետևողական միջոցներ ձեռնարկել Արցախում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության, փաստագրման և միջազգային ներկայացման ուղղությամբ։
Արցախի Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջում հապարակված հաղորդագրության համաձայն, դիմումը պայմանավորված է Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, ինքնության փոփոխման և յուրացման շարունակվող քաղաքականությամբ, ինչպես նաև այդ գործընթացի միջազգային ներկայացման և լեգիտիմացման փորձերով։
«Նախկին նախարարները պահանջում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հրապարակային և հստակ գնահատական տալ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող քաղաքականությանը, ձևավորել դրա մշտադիտարկման և փաստագրման գործուն պետական մեխանիզմներ, ինչպես նաև հայկական ժառանգության պաշտպանության հարցը հետևողականորեն բարձրացնել միջազգային մասնագիտական և միջպետական հարթակներում։
Դիմումը ներառում է նաև Արցախի թանգարանային հավաքածուների պահպանության, դրանց իրավական կարգավիճակի փաստագրման և տեղահանված արցախահայության մշակութային իրավունքների համատեքստում հավաքածուների վերադարձի հարցի միջազգային օրակարգում բարձրացման պահանջը։
Մշակութային ժառանգության պաշտպանությունը չի կարող սահմանափակվել փաստերի արձանագրմամբ։ Այն պահանջում է հստակ պետական դիրքորոշում և գործուն քայլեր», - ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ անցած շաբաթվա վերջին հայտնի դարձավ, որ Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են բռնազավթված Արցախ: Եղել են Շուշիում և Ստեփանակերտում, որտեղ ադրբեջանական օկուպացիոն ռեժիմը ջնջում է հայկական ողջ ներկայությունը, այսպես կոչված, քաղաքակիրթ միջազգային հանրության լուռ խրախուսման ներքո ։ Այնուհետև նրանք այցելել են Դադիվանք և Գանձասար հայկական վանքեր և հիացմունքով լսել Ադրբեջանի նախագահի օգնական Խիկմետ Գաջիևի հեքիաթներն այն մասին, թե, իբր, դրանք Աղվանական սրբավայրեր են։ Մասնակիցների թվում է եղել նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, ով նույնպես ականատես է եղել Ադրբեջանի նախագահի օգնականի շոուին: Վերջինս, մասնավորապես, փորձել է Հայաստանին մեղադրել պատմությունը կեղծելու համար, իսկ այդ նպատակով որպես գործիք է ընտրել գրավյալ Գանձասարի թանգարանում ցուցադրված հին ձեռագրերի մակետները։